Սեպտեմբերի 2-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցել է Արցախի անկախության օրվա կապակցությամբ Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի խորհրդի կազմակերպած հանդիսավոր միջոցառմանը, որի շրջանակներում համերգով հանդես է եկել Արցախի կամերային նվագախումբը։
Միջոցառմանը ներկա էին Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի խորհրդի նախագահ Լորան Վոքիեն, Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ, քաղաքապետեր, շրջանային խորհրդի անդամներ, Ֆրանսիայի հայկական ասոցիացիացիների և կազմակերպությունների, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։
Միջոցառման պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի խորհրդի նախագահ Լորան Վոքիեն, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը և Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:
Իր խոսքում դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն է հայտնել Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի խորհրդի նախագահ Լորան Վոքիեին՝ Արցախի անկախությանը նվիրված երեկոյի նախաձեռնության և այդ կապակցությամբ Արցախի կամերային նվագախմբին հրավիրելու համար։
Հայաստանի դեսպանն իր ջերմ երախտագիտությունն է հայտնել ռեգիոնին՝ Արցախին և արցախահայությանը ցուցաբերած շարունակական աջակցության համար՝ ընդգծելով, հատկապես, ռեգիոնի խորհուրդի կողմից՝ Արցախի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի օրերին ի նպաստ Արցախի անկախության ճանաչման ընդունված որոշումն ու պատերազմի հումանիտար հետևանքների հաղթահարման համար տրամադրված մարդասիրական օգնությունը։
Դեսպան Տոլմաջյանը նշել է նաև, որ Արցախի կամերային նվագախմբի կատարմամբ նման խորհրդանշական համերգի կազմակերպումն այդ շարունակական աջակցության և համերաշխության ևս մեկ դրսևորում է։
Համերգի ընթացքում հնչեցին Կոմիտաս վարդապետի, Առնո Բաբաջանյանի, հայ և օտարազգի այլ անվանի կոմպոզիտորների ստեղծագործությունները։