Գերբեռնվածության 390-ից ավելի արձանագրություն՝ կշռված 3720 տրանսպորտային միջոցից: Օգոստոսի 4-ից Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Սյունիքի մարզում տեղակայած կշռման անշարժ հենակետում մեքենաների բեռնվածությունն է չափում:
Ելենա Զոհրաբյան (ՔՏՀԱՏՄ հանրային կապերի բաժնի պետ) - Եթե ներկայացնեմ 2021-2022 թթ. կշռման գործընթացը, պետք է ասեմ, որ ընդհանուր առմամբ կշռվել է շուրջ 4447 տրանսպորտային միջոց, կազմվել է 626 արձանագրություն:
Արդեն իսկ կազմվել է 125 մլն դրամի վարչական արձանագրություն: Շուտով կլուծեն նաև խնդիրը, որ 2 և 22 տոննայի խախտում թույլ տված մեքենաների վարորդները նույն չափով չտուգանվեն:
Ելենա Զոհրաբյան - Տուգանքի չափը ֆիքսված՝ այս պահին 200 հազար դրամ է, բայց նաև ունենք օրենսդրական նախաձեռնություն, որը շրջանառության մեջ է դրվել տուգանքի չափերի վերանայման մասով:
Տեսչականից արձագանքում են նաև վարորդների բողոքին՝ Իրանում առավելագույն թույլատրելի բեռնվածության մասով:
Ելենա Զոհրաբյան - Իրականում նման բան օրենքով հաստատված չկա, որ Իրանում 28 տոննա էր, մեզ մոտ՝ 26:
Մեծ եզրաչափերով և մեկ սղնու վրա ընկնող զանգվածով բեռնատար տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածներն ու չափսերը Կառավարության որոշմամբ հաստատվել են դեռ 2019-ին: Փոփոխություններով համապատասխանեցվել են ԵՄ չափանիշներին:
Արմեն Սիմոնյան (ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ) - Թյուրըմբռնումն առաջացել էր առավելագույն թույլատրելի զանգված և մեկ սռնու վրա ընկած թույլատրելի բեռնվածության միջև: Հիմնական բողոքողները 3 սռնի ունեցող բեռնատար տրանսպորտային միջոցներն էին, որոնց համար Կառավարության կարգում սահմանված է 26 տ, սակայն միաժամանակ սռնիների վրա ընկած առավելագույն թույլատրելի բեռնվածությունը սահմանված է ոչ ավել, քան 9.5 տ:
Կառավարությունն ամեն տարի շուրջ 500 կմ ճանապարհ է կառուցում: Նորոգման-հիմնանորոգման համար 2022-ին հատկացվել է շուրջ 60 մլրդ դրամ: Նոր կառուցված ճանապարհի շահագործման միջին ժամկետը մոտ 15 տարի է, եթե պահպանվում են մեքենաների բեռնման կանոնները:
Արմեն Սիմոնյան - Գերբեռնված տրանսպորտային միջոցները լուրջ վնաս են հասցնում ճանապարհային ենթակառուցվածքին, դեֆորմացնելով բերում են նրան, որ ավելի վաղ ժամկետում են փչանում:
Որպեսզի պետական միջոցների ծախսն արդյունավետ, իսկ ճանապարհի շահագործումը երկարաժամկետ լինի, ճանապարհներին կշռման նոր հենակետեր կավելանան:
Ելենա Զոհրաբյան - Տեսչական մարմինը մոտակա 2 օրերի ընթացքում կգործարկի ևս 1 անշարժ կշռման հենակետ, տեղակայվելու է Արմավիի մարզում, Երևան-Էջմիածին խճուղու 16-րդ կմ մասում:
Տեսչականից վարորդներին հորդորում են հնարամտություն չգործադրել ու ներհամայնքային ճանապարհներով անշարժ կշեռքները չշրջանցել, տարբեր հատվածներում նաև շարժական կշեռքներ կլինեն:
Արմեն Սիմոնյան - Խնդրի լուծման ճանապարհին ենք, դեռ ամբողջությամբ չենք լուծել, ավելին՝ դիտարկում ենք նորագույն կշռման համակարգերի ներդրումը ՀՀ-ում, որոնք թույլ կտան առանց տրանսպորտային միջոցը կանգնեցնելու կշռել ամեն սռնու վրա ընկած բեռնվածությունը և համապատասխան վարչարարություն իրականացնել նրանց նկատմամբ:
Նախարարությունում վստահ են՝ խնդրի լուծումն ավելի հեշտ կլինի, երբ քաղաքացիները գիտակցեն, որ ճանապարհների կառուցման համար էլ են իրենք վճարում: