Կրթություն, բանակ, ընդդիմության հետ աշխատանք, աշխատաշուկա, բնապահպանություն... Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրին մասնակցող աշակերտների հարցերն ուղղված են պետության ղեկավարին: Մեկ ժամից ավելի տևած հանդիպման մեկնարկին վարչապետը նախ շեշտեց՝ հանդիպման օրը՝ սեպտեմբերի 2-ը, պատմական է մեր երկրի համար:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այսօր սեպտեմբերի 2-ն է, երեկ սեպտեմբերի 1-ն էր. շատ կարևոր և սիմվոլիկ երկու օր մեզ համար: Գիտեք, որ 1991 թվականի այս օրը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և Շահումյանի շրջանի պատգամավորների համատեղ որոշմամբ ընդունվել է Լեռնային Ղարաբաղի Անկախության հռչակագիր, սեպտեմբերի 1-ն էլ Գիտելիքի օրն է: Կարծում եմ, որ այս երկու օրերի հարաբերությունը կամ այս երկու օրերի սիմվոլիկան շատ կարևոր է մեր ապագայի համար: Ինչո՞ւ: Որովհետև մենք, ըստ էության, խոսում ենք մի ժամանակաշրջանի և պրոցեսների մասին, որոնց արդյունքում, ի վերջո, անկախություն է հռչակվել Հայաստանի Հանրապետությունում:
Շատ կարևոր է իմանալ, ճանաչել և հասկանալ մեր պատմությունը: Ձեռք բերվածը պահելու և զարգացնելու համար պետք է սկսել ապագան պլանավորելուց: Ինչպիսին ենք ցանկանում տեսնել Հայաստանը ոչ միայն վաղը, այլև 10, 20 տարի հետո:
Խաղաղություն, կրթություն և բանակ. ապագայի համար ամենօրյա աշխատանք տանելու՝ Հայաստանի այսօրվա 3 առաջնահերթությունն է առանձնացնում վարչապետը, շեշտում՝ Հայաստանին ուժեղ բանակ պետք է ոչ թե ագրեսիվ գործողություններ իրականացնելու, այլ մեր երկրի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, իսկ կրթությունը և՛ խաղաղության, և՛ բանակի համար կենտրոնական նշանակություն ունի:
Պատասխանելով աշակերտի հարցին՝ վարչապետը խոսել է նաև շրջանառության մեջ դրված 24 մլն դրամի դիմաց զինծառայությունից վաղաժամկետ ազատվելու նախագծից. անթերի որոշումներ չկան, բայց նախագիծը այլ առաջարկներ էլ ունի զինծառայողների համար, որոնք կբերեն կարիքների լուծման: Բանակում և բոլոր ոլորտներում ոչ մրցունակ աշխատավարձը պատճառ է դառնում մասնագետների արտահոսքի, շնորհալի, բայց ոչ վճարունակ ուսանողի վարձը պետք է պետությունը հոգա՝ կրթաթոշակով, գիտնականից մինչև դատավոր՝ աշխատավարձը դարձնի գրավիչ ու բավարար:
Իշխանության և ընդդիմության գործակցությանը վերաբերող աշակերտներից մեկի հարցին վարչապետն արձագանքեց՝ կողմ է այդպիսի հանդիպումներին, Կառավարության կողմից հնչել են առաջարկներ՝ նաև դռնփակ հանդիպումներ անցկացնելու:
Տարածվող ապատեղեկության հոսքը կանխարգելող քայլերին ուղղված հարցին ի պատասխան նշեց՝ ամբողջ աշխարհում է տարածվում կեղծ տեղեկություն, խոսքի ազատությունը հնարավորություն է տալիս տարբեր աղբյուրներից ստանալ տեղեկություն:
Հայաստանը ընտրել է ժողովրդավար երկիր լինելու ճանապարհը, և կեղծ տեղեկության դեմ պայքարը չի լինելու ազատ խոսքի ոտնահարման միջոցով: Շեշտում՝ այստեղ ևս կարևոր է կրթությունը՝ մեդիագրագիտության բարձրացումը կբերի նաև ապատեղեկատվությունը ճիշտ տեղեկությունից տարբերակելուն:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան