Արագածոտնի մարզի Կաթնաղբյուրի վարչական տարածքում տուֆի ապօրինի արդյունահանման դեպքը բացահայտել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արագածոտնի տեսուչները: Տարածքը նրանց հուշել է քարերով փակված դեպի հանք տանող ճանապարհը: Տեսուչները փաստն արձանագրել, անմիջապես դիմել են ոստիկանություն:
Սողոմոն Գալստյան (ԲԸՏՄ Արագածոտնի տարածքային բաժնի պետ) - Թալինի բաժնի աշխատակիցների կողմից կապարակնքվել են քար կտրող մեքենաները՝ բացառելու դրանց հետագա շահագործումը, այնուհետև քննչական կոմիտեի Թալինի բաժնի աշխատակիցները, որոնք տեղում իրականացրել են զննում, և նախաձեռնվել է քրեական վարույթ:
Թե որքան ժամանակ է Կաթնաղբյուրի այս տարածքը արդյունաբերման համար օգտագործվել, որքան է կազմում ընդհանուր տարածքը, օգտակար հանածոյի ծավալը, շրջակա միջավայրին, հողի վերին շերտին պատճառված վնասը, մասնագետներն ուսումնասիրում են, կներկայացնեն Քննչական կոմիտե: Տարածքում սահմանվել է ոստիկանական հսկողություն:
Սողոմոն Գալստյան - Դեռևս պարզ չէ՝ ով է իրականացնողը, էստեղ արդյունահանվել է տուֆ քար օգտակար հանածոն, ներկայումս իրավապահ մարմինները նախաձեռնել են՝ պարզելու իրավախախտ անձին կամ անձանց:
Տեսչական մարմնի մասնագետները ստուգման պահին հանքի տարածքում հայտնաբերել են նաև քար կտրող սարքավորումներ ու մեքենաներ: Արդյունահանված, տեղափոխված պաշարների ծավալները տեսուչները կհաշվարկեն ու կներկայացնեն նաև Պետական եկամուտների կոմիտե, քանի որ պետք է հաշվարկվի պետությանը պատճառված վնասը:
Սողոմոն Գալստյան - Մենք կատարել ենք համապատասխան ուսումնասիրություն, և պարզվել է, որ այս հատվածում ընդերքօգտագործման շահագործման թույլտվություն՝ լիցենզիա, տրամադրված չէ:
Իսկ ընդերքի օգտագործման շահագործման իրավունք օրենքով տրամադրում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացրին՝ միայն 2022 թվականին այդպիսի 12 դեպք է բացահայտվել՝ 10-ով պակաս 2021 տվյալներից: Հիմնական խախտումներն արձանագրվել են Արարատի, Արմավիրի ու Արագածոտնի մարզերում: