Մանկապարտեզի կառուցում կամ վերակառուցում, խմելու ջրատար համակարգի արդիականացում, ոռոգման ցանցի նորոգում ու ընդլայնում, նաև՝ գազիֆիկացում. սրանք սուբվենցիոն փաթեթով ներկայացված ուղղությունների ընդամենը մի մասն են, որ կյանքի կկոչվի Խոյ համայնքի 17 գյուղում: Բացի դրանից՝ խորքային հորերի ամրակայում կկատարվի, կասֆալտապատվեն միջհամայնքային փողոցները, կանցկացվի գիշերային լուսավորություն:
Արգիշտի Մեխակյան (Խոյ համայնքի ղեկավար) - Ընդհանուր առմամբ Խոյ համայնքը 1,6 մլրդ. դրամի սուբվենցիոն ծրագիր է ներկայացրել, որոնք ամբողջությամբ բավարարվել են, այս պահին ընթանում են մրցույթները:
Միայն Արշալույսում 8 խորքային հորի հիմնանորոգման հայտ է ներկայացվել: Ընդհանուր արժեքը 120 մլն դրամ է: Գյուղում 17 խորքային հոր կա, աշխատում է 2-ը. եթե 8-ն էլ առաջիկայում վերագործարկվի, Արգիշտի Մեխակյանի կարծիքով՝ հնարավոր կլինի որոշակիորեն զսպել տարեցտարի մեծացող ոռոգման խնդիրը:
Արգիշտի Մեխակյան - Այս տարի աշխատանքները սկսվելու են, հույս ունենք, որ հաջորդ տարի ոռոգման ջրի էականորեն թեթևացում կլինի:
Մինչև տարեվերջ կլուսավորվեն նաև Արշալույսի փողոցները, իսկ նորակառույց թաղամասերում գազատարներ կանցկացվեն: Որ խոշորացված համայնքը կարողանա մասնակցել սուբվենցիոն ծրագրերին և հնարավորություն ունենա նաև տեղական բյուջեով գյուղերի զարգացման ծրագրեր իրականացնել, Մեխակյանը բնակիչներին կոչ է անում ժամանակին վճարել հարկերը: Արշալույսի մշակույթի պալատի տանիքն օրինակ, չէին կարողանա փոխել, եթե հարկերն ուշացնեին: Ամուր տանիք ունենալու համար տեղական բյուջեից հատկացվել է 61 մլն դրամ: Ավելի քան 60 տարի առաջ Սերոբ Վարդումյանն էլ է մասնակցել շենքի կառուցապատմանը: Հիմա էլ լսել է, որ տանիքից հետո նաև շենքն են հիմնանորոգելու. պալատը վերագործարկվելու է:
Սերոբ Վարդումյան (Արշալույս համայնքի բնակիչ) - Տանիքը առաջ ծածկված էր բետոնե պանելներով՝ առանձին-առանձին: 3 մասի էր բաժանված, իսկ հիմա շատ հարմար տանիք են կապել. ոչ թե 3 մասի բաժանված, այլ ամբողջական:
Պալատը կանգուն է 1958 թվականից: Մարզի եզակի կառույցներից է՝ 600 տեղանոց դահլիճով, մեծ բեմով, գրադարանով, բազմաթիվ սենյակներով: Շահագործումից հետո տարբեր միջոցառումների համար պայմաններն ավելի լավը կլինեն: Դպրոցում գործող խմբակները նույնպես կտեղափոխվեն մշակույթի պալատ: Նոր պայմաններում նոր խմբակներ կձևավորվեն: Հնարավոր կլինի վերականգնել նաև լավ ավանդույթները՝ կազմակերպել կինոդիտումներ ու համերգներ, հրավիրել թատերական խմբեր: Այլապես, գյուղի երեխան հեռանում է մշակութային կյանքից:
Հռիփսիմե Բաբաջանյան (Արշալույս համայնքի բնակիչ) - Մշակույթը իրենց օդի ու ջրի պես է պետք: Խելացի երեխաներ կլինեն, կուլտուրա կսովորեն:
Մշակույթի պալատի նորոգման համար սուբվենցիոն հայտ կներկայացվի 2023 թվականին, իսկ ներքին հարդարումը կանեն համայնքի միջոցներով: