ԶԵԼԵՆՍԿԻՆ ՈՂՋՈՒՆԵԼ Է ՆԱՎԹԻ ԳՆԱՅԻՆ ՇԵՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄԸ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ողջունել է Մեծ Յոթնյակի ֆինանսների նախարարների որոշումը՝ Մոսկվայի եկամուտների կրճատման նպատակով սահմանել ռուսական նավթի համար գնային շեմ: Իր ուղերձում Զելենսկին շնորհակալություն է հայտնել Եվրահանձնաժողովի ղեկավարին կարևոր որոշման համար: G7 երկրների ֆինանսների նախարարությունների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպմանը միաձայն որոշվել է ռուսական նավթի գնի շեմ սահմանել: Հիմնական մանրամասները, ներառյալ մեկ բարելի գնի սահմանաչափի, կորոշվեն ավելի ուշ: Կրեմլից արձագանքելով որոշմանը՝ հայտարարել են, որ Մոսկվան կդադարեցնի նավթ վաճառել այն երկրներին, որոնք կիրառում են գնային շեմ:
«ԳԱԶՊՐՈՄԸ» ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀՈՍՔԻ» ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ
«Գազպրոմն» ամբողջությամբ դադարեցրել է «Հյուսիսային հոսք» գազատարի շահագործումը: Ընկերությունից հայտնել են, որ պատճառը գազատարում տեղի ունեցած արտահոսքն է: Հայտարարության համաձայն՝ «Հյուսիսային հոսք 1» խողովակաշարով դեպի Եվրոպա գազի հոսքը կվերականգնվի անսարքությունը վերացնելուց անմիջապես հետո: Ավելի վաղ, ՌԴ Պետդումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել էր, որ Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներն արևմտյան և եվրոպական կառավարությունների համար էներգետիկ ճգնաժամի պատճառ են դարձել, քանի որ էներգետիկ անվտանգությունն առանց Ռուսաստանի անհնար է: Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալն էլ մտահոգություն է հայտնել «Հյուսիսային հոսք»-ի ամբողջական դադարեցման հետևանքների մասին։ Նրա կարծիքով՝ դա կդառնա Եվրոպայում էներգետիկ անվտանգության իրավիճակի վատթարացման ևս մեկ պատճառ:
ԱԷՄԳ ՎԵՑ ԱՇԽԱՏԱԿԻՑ ՄԻ ՔԱՆԻ ՕՐ ԿՄՆԱ ԶԱՊՈՐՈԺԻԵԻ ԱԷԿ-ՈՒՄ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վեց աշխատակից մի քանի օր կմնա Զապորոժիեի ԱԷԿ-ում, կմասնագիտանա երաշխիքների և միջուկային անվտանգության հարցերում, ևս երկուսը ատոմակայանում կմնան մշտական հիմունքներով, Ռուսաստանը դա ողջունում է` հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը՝ գլխավոր տնօրենի գլխավորությամբ Զապորոժիեի ԱԷԿ-ում է։ «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարը և Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակիցներն ուղեկցել են պատվիրակությանը կայանի տարածքում, ցույց են տվել նաև այն հատվածները, որոնք վնասվել են ուկրաինական զորքերի հրետակոծման ժամանակ։
ԱՄՆ-Ը ՄՏԱԴԻՐ Է ԵՐԵՔ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼ ԹԱՅՎԱՆԻ ՀԵՏ
Միացյալ Նահանգները մտադիր է Թայվանի հետ ընդհանուր 1,1 միլիարդ դոլարի երեք պայմանագիր կնքել, որոնցով նախատեսվում է Թայվանին զենք վաճառել ու տեխնիկական ծառայություններ տրամադրել։ Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատան մամուլի քարտուղարն արձագանքել է Միացյալ Նահանգների այս հայտարարությանը՝ նշելով, որ Թայվանին զենք վաճառելու՝ ԱՄՆ-ի մտադրությունը վտանգում է չին-ամերիկյան հարաբերությունները։ Դիվանագետը նաև հիշեցրել է, որ Պեկինի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ Թայվանը ՉԺՀ-ի անբաժանելի մասն է կազմում։
ԲԱՅԴԵՆԸ ԿՈՆԳՐԵՍԻՑ ԱՐՏԱԿԱՐԳ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԿՊԱՀԱՆՋԻ
Սպիտակ տնից հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսից 11,7 մլրդ արտակարգ ֆինանսավորում կպահանջի Ուկրաինային բյուջետային աջակցության համար: Ֆինանսավորման աջակցության մեկ այլ հայցը կներառի 2 մլրդ դոլար՝ ԱՄՆ ռուսական էներգակիրների մատակարարման հետ կապած խնդիրների լուծման, 22,4 մլրդ դոլար՝ COVID-19-ի դեմ պայքարի համար՝ աշնանը հիվանդության հնարավոր բռնկման շեմին: