Հայաստանում վերջին երկու-երեք օրերին օդի առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է Արարատյան դաշտում, նրա նախալեռնային գոտում, Երևանում, Սյունիքի հովտային գոտում՝ հասնելով մինչև 38, 40 աստիճանի: Այն կլիմայական նորմայից բարձր է 5-6 աստիճանով, որոշ շրջաններում՝ 7-8 աստիճանով:
Գագիկ Սուրենյան (ՀՀ ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ) - Հանրապետության մի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը գերազանցել է տվյալ օրը գրանցված երբևիցե դիտված պատմական առավելագույն արժեքները. խոսքը վերաբերում է հատկապես Լոռու մարզին, Արարատյան դաշտի առանձին հատվածներին, այդ թվում նաև մայրաքաղաքին:
Սուրենյանի խոսքով՝ վերջին 5 օրերին մեր երկիրը գտնվում է Արաբական թերակղզու անապատների շրջաններից ներթափանցած արևադարձային տաք օդի ալիքի ազդեցության գոտում, որը տարվա այս ժամանկահատվածի համար ոչ այնքան բնորոշ երևույթ է, սակայն աննախադեպ չէ: Վերջին անգամ սեպտեմբերին նման անոմալ շոգեր դիտվել է 2006 թվականին:
Գագիկ Սուրենյան - Արևադարձային տաք օդի ալիքի ազդեցությունը պահպանվելու է մինչև սեպտեմբերի 4-ը ներառյալ: Սեպտեմբերի 5-ից արդեն մի փոքր այն կսկսի նահանջել դեպի հարավ և հանրապետությունում սեպտեմեբրի 5-ին ճիշտ է՝ չնչին՝ 2-3 աստիճանով, բայց կզգանք ջերմաստիճանի նվազում, իսկ սեպտեմբերի 6-7-ն ընկած ժամանակահատվածում այդ օդային զանգվածներն ամբողջությամբ նահանջում են՝ իրենց տեղը զիջելով Սև ծովի կողմից եկող՝ համեմատաբար սառը և խոնավ օդային հոսանքներին:
Սեպտեմբերի 6-7-ը հանրապետության ամբողջ տարածքում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի էական անկում՝ մոտ 6-8 աստիճանով, որը հանրապետության մի շարք շրջաններում կուղեկցվի ամպրոպային բնույթի կարճատև անձրևներով: Իսկ քանի դեռ տաք օդի ալիքը պահպանվում է, սրտանոթային և միզասեռական համակարգի խնդիրներ, զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ ունեցողների մոտ հնարավոր են հիվանդության սրացումներ: Մասնագետը քրոնիկ հիվանդներին ցուցումներ է տալիս:
Արայիկ Պապոյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ շրջակա միջավայրի, հիգիենայի բաժնի բժիշկ-հիգիենիստ) ժամը 12-17-ը ժամանակահատվածում խուսափել դրսում լինելուց, արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու նպատակով կրել արևային ակնոց, գլխարկ, օգտագործել հովանոց, կրել բաց գույների՝ սպիտակ գույնի և ազատ հագուստ:
Բժիշկը խորհուրդ է տալիս տաք օրերին շատ հեղուկ օգտագործել:
Արայիկ Պապոյան - Ըմպելիքները մենք պետք է օգտագործենք գոլ կամ հովացրած վիճակում և խուսափենք շատ սառեցնելուց, քանի որ այդ վիճակում ծարավը ավելի հեշտ է հագենում, ինչպես նաև պետք է խուսափենք կոֆեին և շաքար պարունակող թե՛ սառը, թե՛ տաք ըմպելիքների օգտագործումից:
Պետք է խուսափել նաև վատ օդափոխվող կամ չօդափոխվող տարածքներում երկար ժամանակ անցկացնելուց: