Միջնադարյան ամրոցը լուսավորող ճրագներն այժմ լույս են տալիս Տավուշի պատմությանը:
Սրանք այս տարվա գտածոներն են: Դարերի փոշին սրբելով՝միջնադարի գրավոր վկայությունները հաստատում են նյութական գտածոները՝ բոլորը տիպիկ հայկական են:
Տիգրան Ալեքսանյան (Տավուշ ամրոցի հնագիտական խմբի ղեկավար) - Սա պատրույգի համար նախատեսված անցքն է, էս մասը միշտ մրոտած է լինում, էս մեկը ավելի ճոխ է:
Ապակե ապարանջաններ, զենքեր, կենցաղային իրեր՝ 10-13-րդ դարի են: Տավուշ ամրոցում պատմական մի քանի շերտ է բացվել, նորությունները շատ են: Առաջիկայում լաբորատոր հետազոտություն-ուսումնասիրությունից հետո Բերդի միջնաբերդի գտածոները կտրամադրվեն «Բերդ պատմամշակութային արգելոց թանգարանին:
Տիգրան Ալեքսանյան - Պեղումների արդյունքում բացվել են հողի մեջ դրված խոշոր կարասներ, որոնք շտեմարանի դեր են կատարել, ամրոցի հացի շտեմարաններ են, որոնք ծածկված են եղել քարե կափարիչով:
Տավուշ ամրոցի մասին առաջին վկայությունները 10-րդ դարից են: Համաձայն Հովհաննես Դրասխանակերտցու իրապատում հաղորդումների՝ Բերդը հիմնադրել է Բագրատունի թագավոր Սմբատ 1-ինը:
Արտաշես Շահնազարյան (ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող) - Իշխել է 890-914 թվին: 898-910 ժամանակահատվածում կառուցվել է բերդը՝ նախքան արաբների արշավանքը Հայաստան
Տավուշ ամրոցի հիմնադրումը նպատակ ուներ ամրապնդել ոչ միայն Հայաստանի հյուսիսարևելյան դարպասը, այլև նպաստել Բագրատունիների թագավորության ուժեղացմանը՝ Հունագետից Շամխոր շրջան:
Տավուշ ամրոցում հնագիտական պեղումները սկսվել էին դեռ 2020-ին: Երեք տարվա պեղումների արդյունքում բացվել են ամրոցի իրական ծավալները, կառուցվածքը: Հնագետների աշխատանքին զուգահեռ կատարվում են նաև չափագրման, հատակագծման աշխատանքները: Առաջիկայում կլինի նաև եռաչափ մոդելավորված տարբերակը:
Արտակ Հախվերդյան (ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ճարտարապետ) - Պեղումների ընթացքում բացված կառույցները չափագրում են, կազմում հատակագիծ:
Միջնադարյան ամրոցն արդեն Տավուշի զբոսաշրջային գրավչություններից է: Ամրոցի դարավոր լռությունը հաճախ հետաքրքրում է նաև տեղացիներին՝ ուղեկցում երբեմնի անառիկ բնակատեղին:
Լուսիկ Աղաբաբյան (բնակիչ) - էս տեղի ամեն քարը, թուփը հետաքրքիր աա, ոնց են մարդիկ ստեղ ապրել, ինչ են մտածել:
Այս տարի պեղումների համար Կառավարությունը 17 մլն դրամ է հատկացրել, ավարտին նախատեսվում է վերականգնման նախագիծը: 2023-ին կմեկնարկեն ամրակայման շինարարական աշխատանքները: