Մեքենայական ուսուցում, տվյալագիտություն, արհեստական բանականություն. Հայաստանի Ամերիկյան համալսարանում անցկացվում է DataFest Yerevan երկօրյա համաժողովը: Նպատակն է հաղորդակցման և փորձի փոխանակման հարթակ ստեղծել Հայաստանի և արտերկրի մասնագետների համար:
Արսեն Եղիազարյան («Դատաֆեստ»-ի կազմակերպիչ) - DataFest-ը արդեն երրորդ տարին է տեղի ունենում, տարեկան համաժողով է: Այս տարի այն ավելի մեծ է, քան նախորդ երիկու տարիներին, գնալով մեծանում է:
Բանախոսների մի մասը արհեստական բանականությամբ զբաղվող հայաստանյան ընկերություններից են՝ Picsart, Krisp, Intent և այլն, մյուս մասը մասնագետներ են Շվեյցարիայից, Ռուսաստանից, Միացյալ Թագավորությունից, ԱՄՆ-ից և այլ երկրներից:
Հրանտ Խաչատրյան («Դատաֆեստ»-ի կազմակերպիչ) - 30-ից ավել խոսնակներ ունենք, որոնց մոտ կեսը այլ երկրներից են, մենք տարվա ընթացքում հատուկ աշխատանք ենք տանում, որպեսզի հայտնաբերենք հետաքրքիր խոսնակների տարբեր երկրներից և հրավիրենք:
HuggingFace, DeepMind, eBay, NVIDIA և այլ առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչները ևս մասնակցում են համաժողովին: Նրանք ներկայացնում են ոլորտում կատարվող արդիական հետազոտությունները:
Քրիստոֆեր Միլլեր («Դատաֆեստ»-ի բանախոս, «իԲեյ») - Իմ ելույթը eBay-ում տեսողական որոնման մասին է, որն իրականացվում է մեքենայական ուսուցման մեթոդների միջոցով: Օգտատերերը ներկայացնում են պատկերներ, իսկ eBay-ը տալիս է այլ պատկերներ, որոնք ունի իր բազայում:
Համաժողովի կազմակերպիչներն են DataFest Yerevan հասարակական կազմակերպությունն ու Հայաստանի Ամերիկյան համալսարանի բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետը:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան