ԱՄՆ-ը մտադիր է Թայվանի հետ 1,1 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ երեք պայմանագիր կնքել, որոնցով նախատեսվում է Թայվանին զենք վաճառել ու տեխնիկական ծառայություններ տրամադրել՝ հայտնել են Պենտագոնից:
Վաշինգտոնում Չինաստանի դեսպանության մամուլի քարտուղարն արձագանքել է Միացյալ Նահանգների այս հայտարարությանը՝ նշելով, որ Թայվանին զենք վաճառելու՝ ԱՄՆ մտադրությունը վտանգում է չին-ամերիկյան հարաբերությունները։ Դիվանագետը նաև հիշեցրել է, որ Պեկինի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ Թայվանը ՉԺՀ-ի անբաժանելի մասն է կազմում։
Ավելի վաղ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին նշել էր, որ Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել անվտանգության ոլորտում օգնություն ցուցաբերել կղզուն: Նա հավաստիացրել էր, որ Վաշինգտոնը չի հրաժարվում «մեկ Չինաստանի» քաղաքականությունից և չի աջակցում Թայվանի անկախությանը: