Եվրահանձնաժողովը չափազանց դանդաղ է արձագանքում գազի և էլեկտրաէներգիայի գների սրընթաց աճին. այն դեռևս որևէ հստակ առաջարկ չի ներկայացրել գազի գնի աճը կանգնեցնելու վերաբերյալ: Նման կարծիք է հայտնել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Süddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում:
«Մենք այսօր չենք հայտնաբերել խնդիրը: Առաջին անգամ այդ հարցը քննարկվել է դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին և դրանից հետո բազմիցս քննարկվել է: Մենք մի քանի անգամ խնդրել ենք Եվրահանձնաժողովին հստակ առաջարկներ ներկայացնել: Մեր քաղաքացիների, ընտանիքների, ընկերությունների համար գազի և էլեկտրաէներգիայի թանկացումն աղետ է»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահը։ Միշելի կարծիքով՝ Եվրամիությունը չի կարող այլևս ժամանակ կորցնել:
Ակնկալվում է, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը սեպտեմբերի 14-ին ելույթ կունենա Եվրախորհրդարանում և կներկայացնի էլեկտրաէներգիայի գնի արագ նվազեցման հստակ նախաձեռնություններ։