ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է Ճապոնիայի ներքին գործերի և հաղորդակցության փոխնախարար Յոշիդա Հիրոշիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորին:
Ողջունելով հյուրերին՝ Ավետ Պողոսյանը ներկայացրել է ԲՏԱ նախարարության գործունեության ուղղությունները, առաջնահերթություններն ու իրականացվող ծրագրերը: Նախարարի տեղակալն ընդգծել է Ճապոնիայի ունեցած հարուստ փորձը տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում, որը երկու երկրների միջև գործակցության նոր հեռանկարներ կարող է ունենալ։
Ճապոնիայի ներքին գործերի և հաղորդակցության փոխնախարար Յոշիդա Հիրոշին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ այս տարի լրանում է Ճապոնիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 30-ամյակը: Վերջինս հույս է հայտնել, որ մինչ այժմ մի շարք ոլորտներում իրականացված համագործակցությունից զատ՝ երկու երկրների միջև կարող է նաև զարգանալ բարձր տեխնոլոգիական ոլորտում գործակցությունը:
Դեսպան Ֆուկուսիմա Մասանորին նշել է, որ վերջերս մի շարք տեխնոլոգիական կենտրոններ է այցելել և շատ տպավորված է Հայաստանի տեխնոլոգիական կրթության որակով: Ըստ դեսպանի՝ Հայաստանը և Ճապոնիան ՏՏ ոլորտում ունեն զարգացման իրենց առանձնահատակությունները և, եթե հնարավոր լինի միավորել երկու երկրների ուժեղ կողմերը՝ համագործակցության հիանալի հնարավորություն կստեղծվի, և ՏՏ ոլորտը կարող է դառնալ հայ- ճապոնական համագործակցության խորհրդանիշ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք ոլորոտներում նորագույն տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ փոխգործակցության հնարավորությունները: Անդրադարձ է եղել նաև հոկտեմբերի 2-4-ը Ճապոնիայում կայանալիք Science and Technology in Society ֆորումի (STS Forum) 19-րդ տարեկան առցանց հանդիպմանը, որին կմասնակցի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը: