Խանում Ամիրյան (այգեգործ) - Ընդհանուր էս ամբողջ տարածքից մի 60 կգ քաղըմ ենք։ Կրասնոդարից ենք բերել տվել, մինչև հասավ Հայաստան, 8 թուփը ինձ հասավ։ Էս 8 թփից սարքեցի 800 հազար։ Ու սենց տարածել ենք էլի շատ։
Ազնվամորու այգին հիմնել են 2020 թվականին՝ օգտվելով պետական աջակցության ծրագրից։ Վերցրել են 3 մլն դրամ վարկ՝ 0 տոկոսով։ Վարկի միջոցներով նախ 460 մ խողովակ են գնել, ջրավազան և ոռոգման ցանց կառուցել, ապա բարձր բերքատվությամբ տնկիներ են ձեռք բերել:
Սուրեն Վարդումյան (Վահագնի բնակավայրի վարչական ղեկավար, այգեգործ) - Վարկը վերցնելուց և այգին հիմնելու էդ ժամանակահատվածի ինտերվալը տևել ա մոտ մի քանի ամիս։ Ու արդեն այգին ինքը սկսել ա վարկը փակել։ Ընդհանրապես, ազնվամորու մշակությունը շատ եկամտաբեր գործ ա։
Մոտ 4 տարի առաջ Արկադին էլ 3 մլն դրամ վարկ է վերցրել՝ 5 տոկոսով և Վահագնիում այգի է հիմնել։ 8000 քմ տարածքում տեղադրել են 10․000 թուփ ազնվամորի, անցկացրել կաթիլային ոռոգում։ Այժմ արդեն տարվա մեջ 2 անգամ ազնվամորու բերք է հավաքում։ Այս տարի էլ Ասիական զարգացման գործակալության դրամաշնորհային ծրագրով հակակարկտային ցանցեր են տեղադրել այգու մի հատվածում։
Արկադի Քոչինյան (այգեգործ) - Եթե պետությունը սուբսիդավորըմ ա ու օգնըմ ա գյուղացուն, եթե վարկը ի նպաստ, ճիշտ օգտագործվի՝ միանշանակ արժե օգտվել:
Վերջին տարիներին բնակիչները սկսել են հետաքրքրվել ինտենսիվ այգեգործության զարգացման պետական աջակցության ծրագրով։ Պետությունը երկու բաղադրիչ է ներդրել: Վարկերը տնտեսվարողներին հասանելի են 2 տոկոս փաստացի տոկոսադրույքով, մինչև 8 տարի ժամկետով, այգեհիմնման դեպքում կտրամադրվի արտոնյալ ժամկետ՝ մինչև 5 տարի: Երկրորդ բաղադրիչով պետությունը հատուցում է տնտեսվարողի այգեհիմնման ծախսի 50 տոկոսը:
Արտյոմ Շահվերդյան (Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ) - Մեր մարզին բնորոշ չէ այգեհիմնումը։ Հիմնականում այգի հիմնում են ցածրադիր գոտիներում՝ Թումանյանի տարածաշրջանում, նաև Փամբակ խոշորացված համայնքում ոնց որ զարգանում է այդ պտղատեսակի արտադրությունը:
Ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման, պետական աջակցության ծրագիրը գործելու է մինչև 2023 թվականը։
Հեղինակ՝ Սերինե Սերոբյան