ԶԱԷԿ-Ի ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏՎԵԼ Է. ԱԷՄԳ ՂԵԿԱՎԱՐ
Զապորոժիեի ատոմակայանի ֆիզիկական ամբողջականությունը մի քանի անգամ խախտվել է՝ հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը: «Մենք չունենք անհրաժեշտ միջոցներ՝ գնահատելու դրանց պատահական կամ միտումնավոր լինելը: Մենք ուզում ենք որոշակի մեխանիզմներ ներդնել և ապահովել մեր մարդկանց ներկայությունն այստեղ»,- ասել է Ռաֆայել Գրոսսին:
Ավելի վաղ Գրոսսին հայտնել էր, որ Զապորոժիեի ատոմակայանում առաքելության ժամանակ Էներգոդարում հնարավորություն է ունեցել շփվել անձնակազմի ու բնակիչների հետ։ Նա նաև հավելել է, որ փորձագետների խումբը ստուգել է կայանի վթարային համակարգերը, դիզելային գեներատորները և այլ օբյեկտներ։ Գործակալության ղեկավարը հայտնել է, որ մասնագետները կկարողանան վերջնական եզրակացություն և գործողությունների ծրագիր ներկայացնել միայն ատոմային օբյեկտին հասցված վնասի չափին ծանոթանալուց հետո:
ՌԴ-Ն ԱԿՆԿԱԼՈՒՄ Է, ՈՐ ԱԷՄԳ-Ն ԿԳՆԱՀԱՏԻ ԶԱԷԿ-ՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Կրեմլն ակնկալում է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը կգնահատի Զապորոժիեի ատոմակայանի տարածքում տիրող վիճակը և կբարձրացնի միջուկային անվտանգության հետ կապված հարցեր: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը դրական է վերաբերվում փաստին, որ չնայած բոլոր դժվարություններին ու խնդիրներին, այդ թվում ուկրաինական կողմի սադրիչ գործողություններին, հանձնաժողովը ժամանել է ատոմակայանի տարածք և սկսել աշխատանքն այնտեղ: Անդրադառնալով առաքելության աշխատանքի որակին՝ Պեսկովը նշել է, որ դեռ վաղ է գնահատականներ տալու համար:
Թեմային անրադարձել է նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարը: Ռուսաստանը ակնկալում է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելության արդյունքները կներկայացվեն համաշխարհային հանրության ուշադրությանը՝ հայտարարել է Սերգեյ Շոյգուն: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը միտումնավոր լռեցնում են կայանի շուրջ ստեղծված իրավիճակը՝ դրանով իսկ խրախուսելով Ուկրաինային դիմել անխոհեմ գործողությունների։ Ռուսաստանի պաշտպանության նախարարի խոսքով՝ Մոսկվան ամեն ինչ անում է Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգ շահագործումն ապահովելու համար։
ԺԱՄԱՆԱԿՆ Է ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻ ԳԻՆԸ. ՖՈՆ ԴԵՐ ԼԱՅԵՆ
Եվրահանձնաժողովի ղեկավարը հնարավոր է համարել Եվրոպա ռուսական գազատարով գազի մատակարարման առավելագույն գնի սահմանումը։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է՝ «եկել է ժամանակը սահմանափակելու ռուսական խողովակաշարով Եվրոպա մատակարարվող գազի գինը»: Երեկ Եվրահանձնաժողովի էներգետիկայի բաժնի ղեկավարի տեղակալը հայտնել էր, որ ԵՀ-ն ուսումնասիրում է գազի գնի սահմանափակման մի քանի տարբերակ՝ այդ թվում՝ Ռուսաստանից ներկրման սահմանափակումների տարբերակը: Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ սեպտեմբերի 9-ին նախատեսված արտահերթ հանդիպման ժամանակ ԵՄ էներգետիկայի նախարարները կքննարկեն ԵՄ-ում գազի գնի սահմանաչափերի ներդրման հարցը:
ԱՅԴ ՄԵԽԱՆԻԶՄՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿԿՈՐԾԱՆԻ ՇՈՒԿԱՆ. ՆՈՎԱԿ
Թեմային անդրադարձել են Կրեմլից: Եթե Արևմուտքը գնային սահմանափակումներ կիրառի ռուսական նավթի վրա, վառելիքը կուղարկվի շուկայական պայմաններով աշխատող երկրներ՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ Ռուսաստանի փոխվարչապետը զգուշացրել էր, որ Մոսկվան նավթային մատակարարումները կդադարեցնի այն երկրների համար, որոնք կպարտադրեն հումքի գնի իջեցում: Ալեքսանդր Նովակը կատարյալ անհեթեթություն է անվանել G7-ի երկրների ղեկավարության համապատասխան ծրագիրը:
Մեկնաբանելով Վաշինգտոնի այն տեսակետը, թե գնային վերին շեմ սահմանելով՝ կնվազեցվեն նավթի համաշխարհային գները, Նովակն ընդգծել է, որ այդ մեխանիզմի ներդրումը «ամբողջությամբ կկործանի շուկան»։
ԳԵՐՄԱՆԻԱՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿՈՂՔԻՆ ԿԼԻՆԻ, ՔԱՆԻ ԿԻԵՎՆ ՈՒՆԻ ԴՐԱ ԿԱՐԻՔԸ
Գերմանիայի արտգործնախարարը, դիմելով ուկրաինացի ժողովրդին, ևս մեկ անգամ շեշտել է, որ Գերմանիան Ուկրաինայի կողքին կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Կիևը դրա կարիքն ունի՝ անկախ նրանից, թե ինչ է մտածում գերմանացի ընտրողը՝ ընդգծել է Աննալենա Բերբոքը: «Մարդիկ միգուցե դուրս գան փողոց և դժգոհեն, որ չեն կարողանում վճարել էներգիայի համար»,- նշել է Բերբոքը՝ հավելելով, որ դա դեռ չի նշանակում, թե Գերմանիայի կառավարությունը կդադարեցնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Գերմանիայի արտգործնախարարը մանրամասնել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կպահպանվեն նաև ձմռանը, եթե անգամ դրանց հետևանքները ծանր լինեն:
ԱՄՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՆ ԹԵՀՐԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀՈՒՍԱԴՐՈՂ ՉԷ. POLITIKO
Վաշինգտոնը բացասաբար է ընդունել Թեհրանի պատասխանը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը վերականգնելու բանակցություններում արևմտյան մասնակիցների առաջարկներին։ «Մենք ուսումնասիրում ենք Իրանի արձագանքը, բայց դա ամենևին էլ հուսադրող չէ»,- Politico-ին հայտնել է Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյա: Նա, սակայն, հրաժարվել է մանրամասնել, թե ինչ են առաջարկել իրանցիները:
Ավելի վաղ ԵՄ ներկայացուցիչները ներկայացրել էին համաձայնագրի, իրենց բնորոշմամբ՝ «վերջնական տեքստը», սակայն Իրանը մտահոգություն էր հայտնել դրա որոշ կետերի առնչությամբ, ԱՄՆ-ն նույնպես հանդես է եկել իր հակաառաջարկներով։ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ համաձայնության կարելի է հասնել, եթե ԱՄՆ-ն «իրատեսորեն մոտենա պատժամիջոցների և Իրանի որոշ մտահոգությունների վերացմանը»։