31 տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանն ինքնորոշման իրավունքի կիրառմամբ որոշում կայացրեց Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման մասին։
ՄԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է ԱՊԱՀՈՎԵԼ ԽԱՂԱՂ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ
Հայաստանի վարչապետի ուղերձում նշվում է, որ մեր հայրենակիցների այս որոշումը պատասխանն էր գոյութենական սպառնալիքի, որի դրսևորումներն էին Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերը։ Այս որոշումը կայացվեց որպես երաշխիք արցախահայության անվտանգության և իրավունքների պաշտպանության։
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Անկախության հռչակագրին հաջորդեցին 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեն, Արցախյան առաջին պատերազմը, քառօրյա պատերազմը, 44-օրյա պատերազմը։ Փաստը, որ Լեռնային Ղարաբաղում կամ դրա մի հատվածում շարունակում են ապրել մեր հայրենակիցները, մնաց նույնը։ Եվ նրանք իրավունք ունեն ապրել իրենց բնօրրանում՝ անվտանգ միջավայրում, որտեղ պաշտպանված կլինեն իրենց իրավունքները։ Ըստ էության, սրանում է կայանում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը։ Անտեղի են Լեռնային Ղարաբաղի՝ որպես տարածքային միավոր գոյություն չունենալու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծված լինելու մասին բոլոր հայտարարությունները, քանի դեռ անբեկանելիորեն հասցեագրված չեն արցախահայության անվտանգության և իրավունքների պաշտպանության խնդիրները, և ըստ այդմ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը, ինչի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ունի միջազգային հանրության կողմից հաստատված և չչեղարկված մանդատ։
Վարչապետն ընդգծում է՝ միջազգային հանրությունը պարտավոր է ջանքեր գործադրել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրման համար և թույլ չտալ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականության իրականացումը։
Նիկոլ Փաշինյան - Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում բնականոն կենսագործունեության ապահովմանը, անվտանգության և մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին։ Այսօր մենք մեր գնահատանքի խոսքն ենք ասում Լեռնային Ղարաբաղը մարմնավորող Մարդուն, և մեր խնդիրն է՝ խաղաղ, քաղաքակիրթ միջոցներով, բանակցային եղանակով ապահովել խաղաղ ապրելու և արարելու նրա անօտարելի իրավունքը: Այսօր մենք խոնարհումով ենք հիշում Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության համար նահատակված մեր եղբայրներին ու քույրերին, և նրանց առաջ մեր պարտավորությունն է՝ ապահովել խաղաղ Լեռնային Ղարաբաղ, խաղաղ Հայաստան, խաղաղ Հարավային Կովկաս:
ԱՐՑԱԽԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԼԻ ԷՐ ԱՆԱՍԵԼԻ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Հայկական երկրորդ հանրապետության կազմավորման պահը պատմական էր, ժողովրդի ազատ ու անկախ ապրելու որոշումը՝ անխախտ. ընդգծել է Արցախի նախագահը: Արայիկ Հարությունյանի ուղերձում նշվում է, որ, ի հեճուկս ժամանակի բոլոր փորձությունների, Արցախի ժողովուրդը հավատարիմ է իր ընդունած որոշմանը, ընտրած ուղուն և երախտապարտ է բոլոր նրանց, ովքեր այս ճանապարհին աջակցել ու աջակցում են իրենց:
Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ) - Սակայն, միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան ժողովրդավարական պետություն կառուցելու մեր ճանապարհը լի էր անասելի փորձություններով ու դժվարություններով:
2020 թվականի 44-օրյա պատերազմը հայ ժողովրդի համար դարձավ մի նոր արհավիրք՝ խլելով մեր հազարավոր քաջազուն որդիների կյանքը, խեղելով բազմաթիվ ճակատագրեր: Մենք երախտապարտ ենք Հայրենիքի անկախության ու հայ ժողովրդի արժանապատիվ գոյության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր նահատակներին. խոնարհվում ենք նրանց պայծառ հիշատակի ու հպարտ հարազատների առջև:
Մայր Հայրենիքի հետ Արցախի կապն այսօր ապահովում է «Լաչինի միջանցքի» նոր երթուղին, որի անվտանգությունը մեր Հանրապետության համապատասխան կառույցների հետ ապահովում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը:
ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ Է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակագրով սկիզբ դրվեց մի գործընթացի, որը նախևառաջ միտված էր Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությանն ու իր հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքների երաշխավորմանը՝ նշված է Հայաստանի Հանրապետության նախագահի ուղերձում:
Վահագն Խաչատուրյան (ՀՀ նախագահ) - Մեր առաջնահերթ հարցերը շարունակում են մնալ արցախահայության անվտանգության ապահովումն ու խաղաղ ապրելու իրավունքի անձեռնմխելիությունը: Նոր պատերազմի սպառնալիքի, Արցախի կարգավիճակի, սոցիալ- տնտեսական ու մարդասիրական հարցերը Հայաստանի և Արցախի մշտական օրակարգային առաջնահերթություններն են: Դրանք չեն կարող լուծվել առանց քաղաքականապես և տնտեսապես ուժեղ, զարգացած Հայաստանի գոյության, առանց առկա ներուժի լիարժեք օգտագործման ու մեր միջազգային գործընկերների հետ արժանապատիվ ու ամբողջական գործակցության, առանց միջազգային իրավունքների ու մարդասիրական նորմերի երաշխավորման:
ՄԵՐ ՊԱՏԳԱՄՆ Է՝ ԼՂ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՍՆԵԼ ԵՐԿԱՐԱՏԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ
Երեք պատերազմների միջով անցած մեր հայրենակիցները յուրաքանչյուր պահի աշխարհին հիշեցնում են իրենց հայրենիքում ապրելու իրավունքի մասին՝ ուղերձում շեշտել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահը:
Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Ներքին և արտաքին հարթակներում քննարկվող Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո է, մյուս բոլոր քննարկումներն իրականության հետ կապ չունեն: Միջազգային գործընկերների հետ հանդիպումներում բարձրացրել ու շարունակելու ենք հիշեցնել, որ լուծված չեն 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները, ոչնչացման եզրին է հսկայական մշակութային ժառանգություն, և օրախնդիր է գերության ու պատանդության մեջ գտնվող մեր հայրենակիցների տունդարձը:
Մեր պատգամն է Լեռնային Ղարաբաղի հարցում հասնել երկարատև խաղաղության՝ հանուն արցախահայության իրավունքների և անվտանգության. ուղերձը եզրափակել է Հայաստանի ԱԺ նախագահը: