ԶԱԷԿ-Ի ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏՎԵԼ Է. ԱԷՄԳ ՂԵԿԱՎԱՐ
Զապորոժիեի ատոմակայանի ֆիզիկական ամբողջականությունը մի քանի անգամ խախտվել է՝ հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը: «Մենք չունենք անհրաժեշտ միջոցներ՝ գնահատելու դրանց պատահական կամ միտումնավոր լինելը: Մենք ուզում ենք որոշակի մեխանիզմներ ներդնել և ապահովել մեր մարդկանց ներկայությունն այստեղ»,- ասել է Ռաֆայել Գրոսսին:
Ավելի վաղ Գրոսսին հայտնել էր, որ Զապորոժիեի ատոմակայանում առաքելության ժամանակ Էներգոդարում հնարավորություն է ունեցել շփվել անձնակազմի ու բնակիչների հետ։ Նա նաև հավելել է, որ փորձագետների խումբը ստուգել է կայանի վթարային համակարգերը, դիզելային գեներատորները և այլ օբյեկտներ։
Գործակալության ղեկավարը հայտնել է, որ մասնագետները կկարողանան վերջնական եզրակացություն և գործողությունների ծրագիր ներկայացնել միայն ատոմային օբյեկտին հասցված վնասի չափին ծանոթանալուց հետո:
ՌԴ-Ն ԱԿՆԿԱԼՈՒՄ Է, ՈՐ ԱԷՄԳ-Ն ԿԳՆԱՀԱՏԻ ԶԱԷԿ-ՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Կրեմլն ակնկալում է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը կգնահատի Զապորոժիեի ատոմակայանի տարածքում տիրող վիճակը և կբարձրացնի միջուկային անվտանգության հետ կապված հարցեր: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը դրական է վերաբերվում փաստին, որ, չնայած բոլոր դժվարություններին ու խնդիրներին, այդ թվում` ուկրաինական կողմի սադրիչ գործողություններին, հանձնաժողովը ժամանել է ատոմակայանի տարածք և սկսել աշխատանքն այնտեղ:
Անդրադառնալով առաքելության աշխատանքի որակին՝ Պեսկովը նշել է, որ դեռ վաղ է գնահատականներ տալու համար:
Թեմային անդրադարձել է նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարը: Ռուսաստանը ակնկալում է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելության արդյունքները կներկայացվեն համաշխարհային հանրության ուշադրությանը՝ հայտարարել է Սերգեյ Շոյգուն: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը միտումնավոր լռեցնում են կայանի շուրջ ստեղծված իրավիճակը՝ դրանով իսկ խրախուսելով Ուկրաինային` դիմել անխոհեմ գործողությունների։
Ռուսաստանի պաշտպանության նախարարի խոսքով՝ Մոսկվան ամեն ինչ անում է Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգ շահագործումն ապահովելու համար։
ԺԱՄԱՆԱԿՆ Է ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻ ԳԻՆԸ. ՖՈՆ ԴԵՐ ԼԱՅԵՆ
Եվրահանձնաժողովի ղեկավարը հնարավոր է համարել Եվրոպա ռուսական գազատարով գազի մատակարարման առավելագույն գնի սահմանումը։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է՝ «եկել է ժամանակը սահմանափակելու ռուսական խողովակաշարով Եվրոպա մատակարարվող գազի գինը»:
Երեկ Եվրահանձնաժողովի էներգետիկայի բաժնի ղեկավարի տեղակալը հայտնել էր, որ ԵՀ-ն ուսումնասիրում է գազի գնի սահմանափակման մի քանի, այդ թվում՝ Ռուսաստանից ներկրման սահմանափակումների տարբերակը:
Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ սեպտեմբերի 9-ին նախատեսված արտահերթ հանդիպման ժամանակ ԵՄ էներգետիկայի նախարարները կքննարկեն ԵՄ-ում գազի գնի սահմանաչափերի ներդրման հարցը:
G7 ԵՐԿՐՆԵՐԸ ԳՆԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ ԿԿԻՐԱՌԵՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՆԱՎԹԻ ՀԱՄԱՐ
G7 երկրների ֆինանսների նախարարությունների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպմանը միաձայն որոշվել է ռուսական նավթի գնի սահմանափակում սահմանել: Ճապոնիայի ֆինանսների նախարարը նշել է, որ գնային սահմանաչափի ներդրման պատճառը «էներգակիրներից Ռուսաստանի եկամուտները սահմանափակելու» անհրաժեշտությունն է։
Լուրը հաստատել են նաև Գերմանիայի ֆինանսների նախարարությունից: «Մեծ յոթնյակի» երկրները նաև պայմանավորվել են անհրաժեշտության դեպքում դիտարկել լրացուցիչ միջոցներ՝ ապահովելու Ռուսաստանից մատակարարումների գնային սահմանաչափի արդյունավետությունը։
ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՋԱԿՑԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ. ԲԵՐԲՈՔ
Գերմանիայի արտգործնախարարի հայտարարությունները հանված են համատեքստից, հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ խոսնակը: Քրիստոֆեր Բուրգերն անդրադարձել է երկրի արտգործնախարարի` այսօր արված հայտարարությանը:
Ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարարը, դիմելով ուկրաինացի ժողովրդին, շեշտել էր, որ Գերմանիան Ուկրաինայի կողքին կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Կիևը դրա կարիքն ունի՝ անկախ նրանից, թե ինչ է մտածում գերմանացի ընտրողը:
Բուրգերի խոսքով՝ Բերբոքը համոզված է, որ Գերմանիան պետք է շարունակի աջակցել Ուկրաինային, ինչը բխում է գերմանացի ժողովրդի շահերից: