ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախահայության լինելիության և իրավունքների պաշտպանության երաշխիքը Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունումն էր: Դրան հաջորդած երեք տասնամյակի ընթացքում արցախահայությանը պատուհասած սպառնալիքներն ու անվտանգային հարցերը, ցավոք, չեն դադարել: Երեք պատերազմների միջով անցած մեր հայրենակիցներն այսօր էլ բազում մարտահրավերների են բախվում:
Վտանգներից կոփված կամքի, հայրենասիրության և իրենց հողում պատվախնդրորեն ապրելու շնորհիվ մեր եղբայրներն ու քույրերը յուրաքանչյուր պահի աշխարհին հիշեցնում են իրենց հայրենիքում ապրելու իրավունքի, անվտանգ միջավայրում երեխաներ մեծացնելու, խաղաղ ծերություն ունենալու մասին:
Ներքին և արտաքին հարթակներում քննարկվող Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո է, մյուս բոլոր քննարկումներն իրականության հետ կապ չունեն:
Միջազգային գործընկերների հետ հանդիպումներում բարձրացրել ու շարունակելու ենք հիշեցնել, որ լուծված չեն 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները, ոչնչացման եզրին է հսկայական մշակութային ժառանգություն, և օրախնդիր է գերության ու պատանդության մեջ գտնվող մեր հայրենակիցների տունդարձը:
Հավերժ փառք Արցախյան բոլոր պատերազմներում անձնազոհաբար նահատակված մեր հարազատներին և խոնարհում բոլոր նրանց, ովքեր վերապրել են պատերազմները:
Մեր պատգամն է Լեռնային Ղարաբաղի հարցում հասնել երկարատև խաղաղության՝ հանուն արցախահայության իրավունքների և անվտանգության»,- ասված է ուղերձում: