1991 թվականի ճիշտ այս օրը՝ սեպտեմբերի 2-ին, ընդունվեց Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագիրը, փաստաթուղթ, որով դրվեց պետության անկախության գործընթացի սկիզբը։ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի և Շահումյանի շրջանի պատգամավորների համատեղ նստաշրջանի կայացրած որոշումը համարվող փաստաթղթով սահմանվեց արցախահայերի անվտանգ ու խաղաղ կենսագործունեության ապահովման տեսլականը՝ ի շահ նրանց իրավունքների ու շահերի պաշտպանության։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
Պատգամավորը տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ աշխատանքային այցով Արցախում է՝ հարգելու և ծաղիկներ խոնարհելու արցախահայության իրավունքների պաշտպանության համար նահատակվածների հիշատակին:
«Այցի ընթացքում հանդիպումներ ունեցանք Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ, որոնց ընթացքում խոսեցինք ղարաբաղյան հիմնախնդրի արդի փուլի, Հայաստանի Հանրապետության անելիքների, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության ու անվտանգության հասնելու տեսլականի ու նպատակի, անվտանգային խնդիրների մասին` Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության համատեքստում։
Մասնավորապես նշեցի, որ Հայաստանի Հանրապետությունը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման, արցախահայության բնական և անօտարելի իրավունքների պաշտպանության առաջնագծում է` հանուն պատմական արդարության վերականգնման ու արցախահայության խաղաղ կենսագործունեության հիմնարար իրավունքի։
Հայաստանի Հանրապետության որդեգրած քաղաքականությունը ղարաբաղյան հիմնահարցի առնչությամբ ապացույցն ու հաստատումն է այն պարզ ճշմարտության, որ մեր հայրենակիցները ապրել են, ապրում են ու իրավունք ունեն ապրելու իրենց պատմական հայրենիքում` ապահով ու անվտանգ պայմաններում, ուր պաշտպանված կլինեն իրենց իրավունքները, իրողությունը, որը ղարաբաղյան հիմնախնդրի առանցքն է և դրա կարևորագույն հիմնակետը։
Ղարաբաղյան հիմնախնդիրը արդի է, քանի հասցեագրված չեն արցախցիների անվտանգության և իրավունքների պաշտպանության հիմնարար հիմնախնդիրները, խնդիր, որի հանգուցալուծմանն են ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքները։ Չէ՞ որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության և իրավունքների երաշխավորումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և երկարաժամկետ լուծումը՝ օգտագործելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության փորձը և ներուժը, շարունակում են առանցքային լինել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հասնելու ճանապարհին։
Հայաստանի Հանրապետությունը այսօր էլ իրականացնում է քայլեր` հնարավորինս նվազեցնելու արցախահայության խաղաղ կենսագործունեությանը խոչընդոտող սպառնալիքները։
Այո, Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հանձնառու լինել Արցախի բնակչության կենսագործունեության համար անհրաժեշտ բոլոր պայմանների ապահովման և իրենց բնօրրանում անվտանգ ապրելու համար»,- գրել է պատգամավորը: