Սեպտեմբերի 2-ին Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ռուստամ Բաքոյանին և Լիլիթ Սարգսյանին։
Արթուր Թովմասյանը նախ ողջունել է հյուրերին Արցախի համար այս կարևորագույն օրվա՝ Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ Արցախ այցելելու և խորհրդարանում հյուրընկալվելու համար։
Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը ներկայացրել է Արցախի Հանրապետության հռչակման նախապատմությունը, ապա՝ խոսել 2020 թ․ աշնանային պատերազմի ընթացքի և հետպատերազմյան իրողությունների մասին։
Անդրադարձ է կատարվել նաև նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթներին։
Շնորհավորելով Արցախի Հանրապետության 31-ամյակը՝ ՔՊ պատգամավորները կարևորել են Արցախի և Արցախի ժողովրդի անվտանգության հարցը։ Նրանց խոսքով՝ ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում ամենօրյա գործունեություն են իրականացնում Արցախի անվտանգությունը ապահովելու համար։
«Մենք ունենք փխրուն իրավիճակ, և պետք է այն ամրապնդել, որպեսզի լայնածավալ էսկալացիայի ռիսկերը հնարավորինս նվազեցնենք»,- նշել է Ռուստամ Բաքոյանը։
ՔՊ պատգամավորները խոսել են նաև Հայաստանի՝ Արցախին ցուցաբերվող սոցիալական մեծ ծրագրերի և այլ աջակցությունների մասին։
Հանդիպմանը ներկա էր Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։