Արցախի Հանրապետության ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն ուղերձ է հղել Հանրապետության հռչակման օրվա առթիվ:
«31 տարի առաջ այս օրը՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, տասնամյակների պայքարի արդյունքում, արցախցիների արդար պահանջով՝ հռչակվեց Արցախի Հանրապետությունը:
Չդադարող պատերազմների, սահմանային լարվածությունների, ներքին ու արտաքին մարտահրավերների դեմ պայքարին զուգահեռ, անցած 31 տարիներին արցախահայությունը մայր Հայաստանի և սփյուռքում ապրող մեր հայրենակիցների հետ միասին կերտել է մեծ ու փոքր հաղթանակներ, պահպանելով իր ազգային դիմագիծը, լեզուն ու հավատը, ազգային արժեհամակարգն ու հազարամյա ավանդույթները:
Ինչ խոսք, դա հեշտ ճանապարհ չէր: Սակայն, մեր ժողովուրդն իրեն հատուկ տոկունությամբ ու խիզախությամբ հաղթահարեց բազում դժվարություններ՝ գիտակցելով, որ փորձությունները տրվում են ուժեղներին:
Խոնարհվում եմ Հայրենիքի անկախության ու ազատության համար իրենց կյանքը զոհաբերած հերոս հայորդիների հիշատակի առաջ:
Փա՜ռք ու պատիվ այն հերոս զավակներին, ովքեր սահմանին են և լծված են հայրենիքի պաշտպանության սրբազան գործին:
Հայրենիքի հանդեպ մեր ունեցած սերը պիտի վերաճի Հայրենիքի հանդեպ պատասխանատվության: Եվ ուրեմն, մեր նվիրվածությամբ, աշխատասիրությամբ, ազնվությամբ ու համատեղ ջանքերով պիտի շարունակենք պայքարել՝ պաշտպանելով ու զարգացնելով Արցախի Հանրապետությունը»,- նշված է ուղերձում: