ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի կապակցությամբ:
«1991 թ․ սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանն ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագիրը։
Այս քայլն Ադրբեջանական ԽՍՀ-ի կողմից հայերի դեմ էթնիկ զտումների քաղաքականության տրամաբանական հետևանքն էր, ինչի դրսևորումները առկա են նաև այսօր։
Հակառակ Ադրբեջանի իշխանությունների կողմից մշտապես հնչող այն հայտարարություններին, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր և Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր այլևս գոյություն չունեն՝ փաստ է, որ Լեռնային Ղարաբաղում շարունակում են բնակվել շուրջ հարյուր քսան հազար հայեր, որոնք, որպես միջազգային հանրության անդամ, ունեն հավասար և անօտարելի իրավունքներ, և հակամարտությունը չի կարելի լուծված համարել, քանի դեռ չեն հասցեագրվել արցախահայության խորքային կարիքները։
Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության և իրավունքների երաշխավորումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և երկարաժամկետ լուծումը՝ օգտագործելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության փորձը և ներուժը, շարունակում են առանցքային լինել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հասնելու ճանապարհին։
Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հանձառու լինել Արցախի բնակչության կենսագործունեության համար անհրաժեշտ բոլոր պայմանների ապահովման և իրենց բնօրրանում անվտանգ ապրելու համար»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ: