Քննչական կոմիտեի պնդմամբ՝ քննվող քրեական գործի շրջանակում պարզվել է, որ 2020-ի սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը ռազմական դրության պայմաններում անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայողական պարտականությունների նկատմամբ: Ըստ գործի՝ Հարությունյանի անփութությունն առաջացրել է ծանր հետևանքներ՝ ստորաբաժանումները կրել են մարդկային և զինտեխնիկայի կորուստներ, ռեզերվային ստորաբաժանումները դարձել են անմարտունակ, զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ:
Քննչականը մանրամասնել է. զորամասերից մեկի պաշտպանության առաջնագիծը ճեղքելուց և պաշտպանության գոտի հակառակորդի մխրճվելուց հետո Հարությունյանը 2020 թ. հոկտեմբերին որոշում է կայացրել հակահարված հասցնել: Պաշտպանության գոտու ամբողջ երկայնքով հակառակորդին 1:5 հարաբերակցությամբ թե՛ քանակապես, թե՛ որակապես զիջելու, հակառակորդի օդային անգերազանցելի առավելության պայմաններում, լրջորեն չուսումնասիրելով մեր ստորաբաժանումների մարտունակությունը և կարողությունները, չունենալով օդային հետախուզության հնարավորություն, ձեռնարկել է հակահարված, որի պլանավորման և իրականացման ընթացքում անտեսել է մարտական կանոնադրությամբ սահմանված հարձակողական գործողություններին ներկայացվող՝ առավելագույնը 1:3-ի հարաբերակցության պահանջը:
Մարտական խնդրի կատարումը միաժամանակ մեկնարկելու փոխարեն ներգրավված զորամասերը գործել են չհամաձայնեցված: Գեներալ-լեյտենանտը, ըստ հարուցված գործի, ճիշտ չի գնահատել զորքի կարողություններն ու հնարավորությունները և ձախողել է մարտական օպերացիան, զոհվել է 20 զինծառայող, խնդրի կատարմանն ընդգրկված 44 տանկից խոցվել են 19-ը, հետևակի մարտական 29 մեքենայից՝ 3-ը, ռեզերվային ստորաբաժանումները դարձել են անմարտունակ: Հակահարվածի ձախողումից հետո Ջալալ Հարությունյանը ձևավորել է զրահախումբ, որն էապես զիջել է հոկտեմբերի 7-ին հակահարձակման օպերացիայում ընդգրկված ուժերն ու միջոցները, բայց ստորաբաժանումների առջև դրվել է նույն մարտական խնդիրը: Սակայն անձնակազմի ցածր բարոյահոգեբանական վիճակի, տեխնիկական խնդիրների, կենդանի ուժի պակասի պատճառով առաջադրված խնդրի մեկնարկը հապաղել է, ապա հակառակորդն ինտենսիվ հրետակոծել է տվյալ շրջանը, որտեղ կենտրոնացած են եղել անձնակազմը և զրահատեխնիկան:
Նախաքննությամբ նաև պարզվել է, որ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին դիտարկվել է 100-ից ավելի զինծառայողներից բաղկացած խմբի տեղաշարժ կրակային դիրքի ուղղությամբ, որոնց մեջ նկատվել են նաև Հայաստանի ԶՈՒ համազգեստ կրող անձինք: Այդ մասին զեկուցել են Ջալալ Հարությունյանին։ Նա համակողմանի չուսումնասիրելով տեղեկությունը, առանց հիմնավորման որոշել է, որ տվյալ խմբավորումը հայկական է: Դիվիզիոնի հրամանատարը կասկածով է վերաբերվել ստացված տեղեկությանը և խնդրել է ևս մեկ անգամ ստուգել այն: Հարությունյանը կրկին հայտնել է, թե մոտեցողները հայկական ուժեր են: Մի քանի րոպե անց հակառակորդի դիվերսիոն խումբը շրջանցել է հրամանատարական դիտակետը և առաջ շարժվել դեպի կրակային դիրքեր: Անհավասար մարտում զոհվել է 20 զինծառայող, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 7-ը, հրետանու պետի գտնվելու վայրը մինչև օրս անհայտ է: Հակառակորդի հսկողության տակ անցած Ջուվառլուի դիրքերում մնացել են մեծաքանակ զինտեխնիկա ու զինամթերք, ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթեր: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 13-ին, հակառակորդի դիվերսիոն խումբն առանց խոչընդոտի հասել և վերահսկողության տակ է վերցրել մեկ այլ զորամասի մշտական տեղակայման վայրը:
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին մեղադրանք է ներկայացվել ռազմական դրության պայմաններում զինվորական պաշտոնեական անփութության համար, որն առաջացրել է մահ: 2021-ի փետրվարից Հարությունյանը զբաղեցնում էր ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը: Նրա պաշտոնավարումը կասեցված է, խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը: