Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը միշտ օրակարգում է, և ոստիկանության ծառայողները հետևողական աշխատանքի շնորհիվ գրեթե ամեն օր նոր դեպքեր են բացահայտում: Ոստիկանությունը ներկայացնում է Հրազդանի գործընկերների ձեռնարկած միջոցառումների արդյունքում բացահայտված դեպքեր:
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Միկրոշրջան թաղամասի մի բնակիչ տանը թմրամիջոց է պահում: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Օգոստոսի 25-ին 42-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է Կոտայքի մարզային քննչական վարչություն: Նրա բնակարանի խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերել են կանեփի յուրահատուկ հոտով 480 գրամ զանգված:
Հրազդանցի տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է՝ իր օգտագործման համար:
Հրազդանի ոստիկանների ստացած հաջորդ օպերատիվ տեղեկության համաձայն՝ Սոլակ բնակավայրի 66-ամյա բնակիչը իր տան հարակից հողամասում մեծ քանակությամբ կանեփ է աճեցնում: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն է կատարվել նշված հողամասում: Հայտնաբերվել է կանեփանման 86 բույս:
66-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին:
Երկու դեպքով էլ կատարվում է նախաքննություն: