ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով գործադիրը փոփոխություններ է կատարում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի խոսքով՝ հանցագործության հետևանքով պետությանը և հասարակությանը պատճառված վնասների վերականգնման գործընթացը, այդ թվում՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարների կարճ ժամկետներում վերադարձը, ինչպես նաև գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ քննչական գործողության պատշաճ կատարումն ապահովելու նպատակով նախագծով առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի համար իրավական հենք ստեղծել՝ հետագայում դեպոզիտային հաշիվ ունենալու համար:
Առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաջին կազմի ընտրության համար ձևավորված մրցութային հանձնաժողովի գործունեությունը դադարեցնել կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման և ինքնավար պաշտոնների համալրման արդյունքում թափուր պաշտոնների 60 տոկոսը համալրելուց հետո:
Նախատեսվում է նաև օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասից հետո լրացնել նոր 8-րդ կետով. «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի կողմից պաշտոնից ազատվելու վերաբերյալ գրավոր դիմումը վարչապետին ներկայացնելը և վերջինիս կողմից նրան պաշտոնից ազատելը»:
Նախագծում կատարվել են նաև տեխնիկական փոփոխություններ:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նախաձեռնության վերաբերյալ ներկայացրել է մի շարք առաջարկներ, որոնք հիմնական զեկուցողի խոսքով՝ հաշվի կառնվեն առաջինից երկրորդ ընթերցում:
Հարակից զեկույցում պատգամավոր Տրդատ Սարգսյանը ողջունել է նախաձեռնությունը և առաջարկել է տալ դրական եզրակացություն:
Կառավարության հեղինակած ««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 2-ի նիստում և ստացել դրական եզրակացություն:
Հեղինակների բացակայության պատճառով մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել են Կառավարության հեղինակած ««Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերի և ««Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և դրան կից նախագծերի փաթեթի քննարկումները: