Ռուսաստանի քաղաքացիների՝ Երևան ներհոսքի հետևանքով վարձով բնակարան գտնելը բարդացել է, գներն էլ կտրուկ բարձրացել են: Կենտրոնում ամսական վարձը միջինը կազմում է 300-700.000 դրամ, ծայրամասերում՝ 150-300.000 դրամ։ Սեպտեմբերին ընդառաջ, երբ մարզերից ուսանողները տեղափոխվում են Երևան, խնդիրը հատկապես սրվել է: Արդյունքում՝ մեծացել է ուսանողական հանրակացարանների պահանջարկը:
Արմեն Հարությունյան (ԵՊՀ հանրակացարանի տնօրեն) - Այս տարի ընդունելության համար դիմել են շատ ուսանողներ, եղած տեղերի քանակի երևի եռապատիկը դիմել են:
Երևանի պետական համալսարանի հանրակացարանում 160 սենյակ կա, բոլորն արդեն զբաղեցրած են: Այստեղ ապրում են ուսանողներ ինչպես Հայաստանից, այնպես էլ տարբեր երկրներից՝ Իրանից մինչև Չինաստան:
Հայաստանում, ընդհանուր առմամբ, գործում է հինգ ուսանողական հանրակացարան, որոնցից չորսը պատկանում են բուհերին, մյուսը «Զեյթուն» ուսանողական ավանի 7-րդ մասնաշենքի հանրակացարանն է: Կառավարության որոշմամբ՝ 2000-ականներին «Զեյթուն» ուսանողական ավանի 1-ին, 2-րդ, 3-րդ մասնաշենքերը որպես գույքային ներդրում հանձնվել են Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիային, 4-րդ մասնաշենքը փոխանցվել է Հայաստանի ֆրանսիական համալսարանին, 8-րդ մասնաշենքը հանձնվել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքին` որպես բնակֆոնդ օգտագործելու համար:
«Զեյթուն» ուսանողական ավանի 5-րդ և 6-րդ մասնաշենքերը տրվել են Բժշկական համալսարանին, դարձել հանրակացարան, և առկա 270 սենյակն էլ զբաղեցված է: Ուսանողների մեծ մասը հնդիկներ են:
Բալաչանդար Սելվարաջ (Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանող) - Ուսանողների համար հանրակացարանը շատ հարմար է, քանի որ բնակարան վարձելը ավելի թանկ է:
Բրյուսովի անվան պետական համալսարանի հանրակացարանի 27 սենյակից 8-ն են ազատ: Ուսանողների մեծ մասը Հայ-ռուսական համալսարանից է, քանի որ այն հենց հանրակացարանի դիմաց է: Այստեղ հաճախ բնակվում են ռուսներ, ճապոնացիներ, իրանցիներ:
Արմեն Մաթևոսյան (Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հանրակացարանի տնօրեն) - 2017 թվականի համեմատ՝ ուսանողների հոսքը բավականին շատացել է մեր հանրակացարանում: Ունենք մտադրություններ վերանորոգելու, մյուս տարի երևի:
Չորրորդ բուհը, որն ունի հանրակացարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարանն է, որտեղ 65 սենյակից 30-ը ազատ են։ Այստեղ սենյակներից մի քանիսը ունեն նորոգման կարիք:
Էմիլ Պետրոսյան (ՀԱԱՀ-ի հանրակացարանի տնտեսվար) - Մի ութ տարի առաջ մինչև 200 կային երեխեք, հետո քչացան, մի 4 տարի առաջ մինչև 60-70 կային, իսկ անցած տարի քառասուն քանիս էին:
Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը ևս մինչև 2019 թ.-ը ուներ հանրակացարան, որի գործունեությունը դադարեցվել է, երբ ԱԱԾ-ն մոտ 400 մլն դրամի չարաշահում է հայտնաբերել: 1988-92 թթ․ 5 ուսանողական հանրակացարան էլ տրամադրվել է Ադրբեջանից բռնագաղթածներին:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան