1988-ին Մայր Հայաստանին միանալու պահանջով, իսկ 1991-ին արդեն՝ Անկախության հռչակագրով Արցախի ժողովուրդը որոշեց իր ապագան: Այսօր Արցախում նշում են Հանրապետության օրը:
Արթուր Թովմասյան (Արցախի ԱԺ նախագահ) - Ունենք 1991 թվականի դեկտեմբերի հանրաքվեի արդյունքները՝ մեր ժողովրդի բացարձակ մեծամասնությունը «այո» է ասել անկախությանը, և ունենք 1992 թվականի հունվարի 6-ի Անկախության հռչակագիրը՝ մենք որպես անկախ պետություն ոչ միայն տարածաշրջանի, այլև բոլոր երկրների հետ փոխշահավետ համաձայնագրեր, պայմանագրեր ստորագրելու կողմնակից էինք:
Ավանդույթի ուժով Արցախում այսօր ծաղիկներ են խոնարհվել անկախության համար ամենաթանկով վճարածների հիշատակին:
Ռոբերտ և Լորիկ Հակոբյանները Մարտակերտից են եկել Ստեփանակերտում հանգչող որդու շիրիմին: Սասուն Հակոբյանն Արցախյան ազատագրական պայքարի նվիրյալներից է:
Լորիկ Հակոբյան (ազատամարտիկի մայրը) - Թեկուզ մնա վերջին մի մարդն էլ, մենք պետք է պահենք այդ անկախությունը, պետք է փրկենք մեր երկիրը, հայությունը մնա, Ղարաբաղը մնա որպես անկախ պետություն: Չէ՞ որ դրա համար մենք ահագին բան ենք կորցրել: Տես ինչ սերունդ ենք կորցրել մենք դրա համար:
Բեյրութահայ Զաքար Քեշիշյանն ամուր թելերով կապված է Արցախին: 92-ին Շուշիում հիմնել է «Վարանդա» երգչախումբը, որի գեղարվեստական ղեկավարն է 30 տարի: Ասում է՝ անկախությունը պետք է պահել ամենօրյա աշխատանքով:
Զաքար Քեշիշյան (մշակույթի գործիչ) - Անկախությունը գոյավիճակ է, անկախությունը գոյավիճակ է, այն կռվանն է, որի վրա կարող է որևէ մեկ ազգ աճել, ծաղկել, արարել՝ առանց այլ ներգործությունների, այլ ուժերի և պետությունների ներգործությունների: Դա ձգտում է, որ իրավունք է մարդկային, և բոլոր մարդիկ և ազգերն այդ իրավունքն ունեն:
Արցախի Հանրապետությունը ծնվել է արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացմամբ: Երկրի զարգացման գործում, սակայն, ամբողջ հայությունն է մասնակցել՝ ասում է արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Հետպատերազմական ծանր շրջանում հարկավոր է կրկին համախմբել բոլոր կարող ուժերը:
Դավիթ Բաբայան (Արցախի արտաքին գործերի նախարար) - Հիմա ամենակարևորն է պահպանել Արցախի Հանրապետությունը և թույլ չտալ, որ հանկարծ որևէ մեկը մտածի, թե Ադրբեջանի կազմում կարող է գոյատևել Արցախը: Սա կարմիր գիծ է, որը ներկվել է այս բոլոր հերոսների արյամբ, և ոչ միայն իրենց:
2020-ի պատերազմից հետո Արցախում բոլոր պետական տոներին մարդիկ այցելում են զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցում նաև 44-օրյա պատերազմում անմահացած տղաների շիրիմներին: