Արդարադատության նախարարությունը՝ Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) հետ համագործակցությամբ, մեկնարկել է ընտրական բարեփոխումներին ուղղված թեմատիկ քննարկումների շարքը։
Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը բացման խոսքում շնորհակալություն է հայտնել միջոցառման մասնակիցներին և գործընկերներին, ինչպես նաև Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժերոմ Լեյրոյին և թիմին՝ արդարադատության նախարության հետ ընտրական բարեփոխումների շրջանակում շարունակական ու արդյունավետ համագործակցության համար:
Փոխնախարար Թումանյանցը հայտնել է, որ Կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրով սահմանված ընտրական բարեփոխումներին ուղղված միջոցառումները նախատեսվում են իրականացնել մինչև 2023 թվականի մարտի վերջին տասնօրյակը: Այս նպատակով, Արդարադատության նախարարության կողմից կազմվել է «Ընտրական օրենսդրության և պրակտիկայի խնդիրների վերաբերյալ» զեկույցը, որտեղ ամփոփված են հասարակական կազմակերպությունների, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, Վենետիկի հանձնաժողովի կողմից Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ ներկայացված խնդիրները, առաջարկությունները և կարծիքները, որոնք շրջանառվել են նաև շահագրգիռ գործընկերների շրջանում:
Փոխնախարար Թումանյանցը ներկայացրել է նաև զեկույցի արդյունքում կազմված ընտրական բարեփոխումներին ուղղված թեմատիկ քննարկումների ժամանակացույցը և կարևորել յուրաքանչյուր թեմատիկ քննարկմանը ներառական մասնակցության ապահովումը:
Միջոցառմանը հրավիրված էին խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերի, պետական կառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, Հայաստանում միջազգային առաքելություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ: