Արկղով կաղամբը կշռում են, որովհետև ներկրվող տվյալ բեռի համար ՊԵԿ-ի ծրագիրը կարմիր ուղի է ընտրել, ստուգման ուղարկել։ Մաքսայինի զննման գոտում ընտրանքային եղանակով ինչպե՞ս են ճշտում ապրանքի քաշը, ինչ քայլերից հետո են բիզնեսին թույլ տալիս այն վաճառքի տանել՝ ռեալ օրինակների վրա ցույց են տալիս-սովորեցնում համակարգի ապագա աշխատողներին։ Վերջին գործողությունը բեռը բաց թողնելն է։
Կարեն Քեքեջյան (ՀՀ ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչության բացթողնման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ) - Ուղեկցող տրանսպորտային բեռնագրի վրա կատարում են համապատասխան նշում, անցագրի վրա ևս նշում ամիս, ամսաթիվ, որ բեռը հայտարարատուն կարող ա ստանալ:
Պրակտիկա անցնողները մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի տեսական մասն ավարտած երիտասարդներն են։ Առաջին անգամ կազմակերպվող ուսումնական ծրագրին դիմած մոտ 2000 թեկնածուից քննությունների ու արդեն մոտ 14-րդ շաբաթվա պարապմունքներից հետո մնացել են լավագույն 183-ը։ 7 խմբի բաժանված՝ նրանք հիմա Մաքսայինի տարբեր ստորաբաժանումներում ծանոթանում են նախաբացթողումայինից մինչև հետբացթողումային ստուգման նրբություններին։ Բազային գիտելիքներին տիրապետում են, մնում է աշխատանքային փորձ ձեռք բերեն՝ ասում է Մաքսայինի մայորը։
Ռիտա Սանասարյան (ՀՀ ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչության փաստաթղթային վարչության գլխավոր մաքսային տեսուչ, մաքսային ծառայության մայոր) - Շատ ինֆորմացիա է տրամադրվել իրանց, մինչև մեր մոտ գալը դասընթացների ընթացքում իրանց օրենսդրական առումով հագեցած ծրագիր են անցել:
Գործնական մասի ղեկավարները, պարապմունքների ավարտին, գնահատելու են ապագա մաքսավորներին։ Այդ միավորները կգումարվեն տեսականի թեստերի ու ավարտական քննության արդյունքներին։ Մրցութային բալերը կամբողջացնեն իրենց ընկերների գիտելիքներին երիտասարների տված բալերը՝ ուսումնական գործընթացի ամփոփիչ փուլն է ներկայացնում ծրագրի ղեկավարը։
Գոռ Վարդանյան (ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնի ուսումնական մասի պետ) - Ընդհանուր գործընթացը դասընթացի մասով կավարտվի սեպտեմբերի երկրորդ կեսին, հետո կկազմակերպենք վերջնական ատեստավորումը, ու, հավանաբար, նշանակումները կլինեն հոկտեմբեր ամսին:
Առավելագույն 100 բալ հավաքողները կամ այդ շեմին մոտեցողները թերևս անմիջապես աշխատանքի կանցնեն Պետեկամուտների կոմիտեում։ Վարկանիշային ցուցակում ընդգրկվողները համակարգ ընդունվելու հնարավորություն կունենան առաջիկա երեք տարում։ Ո՞ր բաժնում կուզեին գործի անցնել՝ մաքսավորի թեկնածուներից ոմանք արդեն ընտրել են։
Իզաբելլա Մարտիրոսյան - Կցանկանայի հսկողության և փաստաթղթային հսկողության բաժնում:
Ռոբերտ Զոհրաբյան - Ես դեռ չեմ կողմնորոշվել, երևի պրակտիկայի ավարտին կհասկանամ՝ ո՛րն է ինձ ավելի հետաքրքիր:
Չի բացառվում՝ ՊԵԿ-ը նման մի դասընթաց էլ հունվարին սկսի՝ արդեն հարկային ծառայող պատրաստելու համար։