1991 սեպտեմբերի 2-ին հռչակվեց Արցախի Հանրապետությունը, այն ձևավորվեց՝ առարկայական արտահայտություն հաղորդելու Արցախի հայության` իր պատմական հայրենիքում ինքնորոշվելու իրավունքին, այն է` «ազատորեն սահմանել իր քաղաքական կարգավիճակը և ազատորեն ապահովել իր տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը»: Իրավական տեսանկյունից անթերի այս գործընթացն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման արտացոլումն է` հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և ԽՍՀՄ օրենսդրության վրա: Այս մասին ասված է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի Ֆեյսբուքի էջում:
«Անկախությունը ձեռք է բերվել աննկարագրելի բարդ ժամանակաշրջանում, երբ Խորհրդային Ադրբեջանի կողմից տասնամյակներով տարվող հայաթափման, մարդու իրավունքների կոպիտ խախտումների ու էթնիկ խտրականության պետական քաղաքականության դեմ իր բողոքի ձայնը բարձրացրած հայ ժողովուրդը բախվում էր նոր արհավիրքների, ինչպիսին են Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի ցեղասպանական գործողությունները, Շահումյանի և Մարտակերտի շրջանների մի շարք համայնքների հայ բնակչության բռնի տեղահանությունը, Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամն ու սկիզբ առած ադրբեջանա-ղարաբաղյան զինված հակամարտությունը:
1994 թ. հաստատված զինադադարը հնարավորություն տվեց ձեռնամուխ լինել պետական ինստիտուտների կայացմանը, օրենսդրության մշակմանն ու զարգացմանը, ինչպես նաև Սահմանադրությամբ երաշխավորված մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության մեխանիզմների ներդրմանը:
Սակայն անհերքելի է, որ այսօր էլ անելիքները բազմաթիվ են, իսկ մարդու իրավունքների պաշտպանության վիճակը՝ մի շարք առումներով մտահոգիչ: Պատճառը ոչ միայն 2020 թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքով առաջացած մարդասիրական աղետն ու հազարավոր տեղահանված անձանց խնդիրներն են, այլ նաև Հանրապետության հռչակումից մինչև օրս առկա օրենսդրական, պետական համակարգի արդյունավետ կառավարման և սոցիալական արդարության հետ կապված բացերը։
Դրանց հասցեական լուծումներով միայն կարող ենք ամրացնել մեր ներքին միասնականությունն ու դիմակայել մարտահրավերներին։
Անկախության ավելի քան երեք տասնամյակները ապացուցեցին առանց այն էլ պարզ մի ճշմարտություն. արցախահայության ինքնորոշումն առանց անկախ պետականության անիրատեսական է և անխուսափելիորեն կհանգեցնի մարդու իրավունքների համակարգային ու լայնածավալ խախտումների ու Արցախի վերջնական հայաթափմանը:
Ուստի և անառարկելի է Արցախի անկախ պետականության հարատևության հրամայականը որպես Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում գոյության առաջնային երաշխիք»,- ասված է Արցախի ՄԻՊ-ի գրառման մեջ: