Վերջին շրջանում մարդիկ հաճախ են բողոքում ջերմության բարձրացումից, որը հաճախ ուղեկցվում է սրտխառնոցով, փսխումով կամ լուծով: Ըստ մասնագետների՝ ախտանշանները բնորոշ են աղիքային վարակներին, որի դեպքում հնարավոր է նաև կոկորդի ցավ:
Ներսես Գրիգորյան (ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ) - Ծանր դեպքերում կարող է նաև գիտակցության կորուստ առաջանալ, եթե դա սննդային թունավորում է:
Աղիքային վարակիչ հիվանդություններով պայմանավորված Հայաստանում համաճարակային իրավիճակը հարաբերականորեն կայուն է: Տաք շրջանին բնորոշ այս հիվանդացության ակտիվացումը նորմայի սահմանում է՝ ասում է համաճարակաբանը:
Ներսես Գրիգորյան - Տարվա տաք շրջանին բնորոշ են աղիքային հիվանդությունները, որոնք ունեն սեզոնային բնույթ: Եթե համեմատում ենք նախորդ տարիների, հատկապես՝ 2021 թվականի հետ, գրեթե նույն հիվանդացությունն է հուլիս ամսվա տվյալներով, նույնիսկ մի 20 տոկոսով ավելի պակաս դեպքեր են արձանագրվել:
Այս տարվա հունիս-հուլիսին արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների սննդային գործոնով պայմանավորված 3 բռնկում: Դեպքերը սննդամթերքի պատրաստաման ու պահպանման կանոնների, ինչպես նաև սանիտարահիգիենիկ ռեժիմի խախտումների պատճառով են եղել՝ պարզել են կենտրոնի մասնագետները:
Մշտապես իրականացվող խմելու ջրի նմուշառումների արդյունքում էլ խախտում չի հայտնաբերվել՝ վստահեցնում է Ներսես Գրիգորյանը: Տարվա այս եղանակին մասնագետները հորդորում են հաճախ լվացվել, լավ լվանալ մրգերն ու բանջարեղենը, հետևել սննդի պահման կանոններին, չօգտվել փողոցային առևտրից, քանի որ վարակները կարող են փոխանցվել նույնիսկ շփումների ընթացքում: Համաճարակաբանը հորդորում է՝ չզբաղվել ինքնաբուժությամբ, խուսափել հակաբիոտիկների անհարկի օգտագործումից, իսկ ախտանշանների դեպքում անմիջապես դիմել բժշկի: