Ռուսաստանը կդադարեցնի նավթի մատակարարումներն այն երկրներին, որոնք կպարտադրեն հումքի գնի իջեցում։ Այս մասին զգուշացրել է փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ Նրա խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Նովակը G7-ի երկրների ղեկավարության համապատասխան ծրագիրն անվանել է կատարյալ անհեթեթություն։
«Ընկերություններին կամ երկրներին, որոնք նման սահմանափակումներ կկիրառեն, նավթ և նավթամթերք չենք մատակարարի, քանի որ չենք աշխատելու ոչ շուկայական պայմաններով»,- ասել է փոխվարչապետը։
Մեկնաբանելով Վաշինգտոնի այն տեսակետը, թե գնային վերին շեմ սահմանելով՝ կնվազեցվեն նավթի համաշխարհային գները, Նովակն ընդգծել է, որ այդ մեխանիզմի ներդրումը «ամբողջությամբ կկործանի շուկան»։
Հունիսի 27-ին հայտնվեցին հաղորդագրություններ այն մասին, որ G7 երկրները քննարկում են ռուսական նավթի գինը սահմանափակելու հնարավորությունը՝ դրա փոխադրման և ապահովագրության առավելագույն արժեք սահմանելու միջոցով։
Bloomberg-ը նշում է, որ Ռուսաստանն արդեն արձագանքել է Արևմուտքի այդ ծրագրին և ասիական մի շարք երկրներին առաջարկել է նավթի մատակարարումների երկարաժամկետ պայմանագրեր շուկայական արժեքից մինչև 30 տոկոս զեղչով: