Ուրեմն վերադարձրեք մեր հողերը՝ այսպես են վրդովված գերմանացիները պատասխանել Լեհաստանի իշխող «Իրավունք և արդարություն» պահպանողական կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկու պահանջին՝ Բեռլինը պետք է Վարշավային վճարի 1,3 տրիլիոն դոլարի փոխհատուցում Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Լեհաստան ներխուժման և օկուպացիայի պատճառած ֆինանսական վնասների համար: «Թվիթերի» բազմաթիվ գերմանացի օգտատերեր Լեհաստանից պահանջել են այդ գումարի դիմաց վերադարձնել գերմանական հողերը՝ Սիլեզիան, Պոմերանիան, Արևմտյան և Արևելյան Պրուսիան։
РИА Новости-ն հիշեցնում է, որ առաջին անգամ չէ, որ Լեհաստանը Գերմանիայից փոխհատուցում է պահանջում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կրած վնասի համար։ Մի քանի տարի առաջ էլ էր Վարշավան բարձրացրել այդ հարցը, և գումարը հաշվելու համար ստեղծվել էր խորհրդարանական հատուկ հանձնաժողով։
Բեռլինը, սակայն, հրաժարվել է կատարել պահանջը, քանի որ Վարշավային արդեն փոխհատուցել էր բավականին մեծ գումար: Ավելին, 1953 թվականին Լեհաստանը հրաժարվել էր հետագա վճարումներից։ Բեռլինը հայտարարել է, որ այս հարցը համարում է փակված և ճանաչում է երկրի քաղաքական ու բարոյական պատասխանատվությունը պատերազմի համար։
Լեհաստանի նախկին վարչապետ, ընդդիմադիր Դոնալդ Տուսկը լեհական կառավարությանը մեղադրել է հակագերմանական տրամադրություններ սրելու համար: Նրա խոսքով՝ Դուդայի կառավարությունը փորձում է այս կերպ ստանալ ընտրողների աջակցությունը: