ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր այցելել է «Զինվորի Տուն» վերականգնողական կենտրոն։
Պաշտպանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի, «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել բուժում ստացող անձանց առօրյային։
Կենտրոնի տնօրենը ներկայացրել է բուժման համար օգտագործվող մեթոդները, սարքավորումները և ինստիտուցիոնալ հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել նաև ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած, զինվորական հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման, անհատական զարգացման ուղղությամբ կատարվող՝ կենտրոնի հսկայածավալ ու պրոֆեսիոնալ աշխատանքը։
Արմեն Մուրադյանի և Հայկուհի Մինասյանի հետ Քրիստիննե Գրիգորյանը քննարկել է Պաշտպանի հաստատության հետ Կենտրոնի համագործակցության ընթացիկ հարցեր։
Պաշտպանը բարձր է գնահատել Կենտրոնի կողմից իրականացվող և մշակման փուլում գտնվող ծրագրերը և պատրաստակամություն հայտնել աջակցելու Կենտրոնին հետագա գործունեության ընթացքում։