Ղազախստանի նախագահը հայտարարել է աշնանը նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին: «Ինձ համար պետության շահերը վեր են ամեն ինչից, ուստի պատրաստ եմ կրճատել իմ լիազորությունների ժամկետը»,- ասել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:
Նա կոչ է արել սահմանափակել պետության ղեկավարի լիազորությունների ժամկետը՝ յոթ տարով մեկ անգամ ընտրվելու հնարավորությամբ: Այժմ Ղազախստանում նախագահն ընտրվում է 5 տարով 2 անգամ ընտրվելու հնարավորությամբ:
Տոկաևի կարծիքով՝ նոր փոփոխությունները զգալիորեն կնվազեցնեն իշխանությունը մենաշնորհելու ռիսկերը: Նա առաջարկել է նաև 2023 թ. խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել։ Հերթական ընտրությունները նախատեսված են 2025 թ.:
ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԴԵՍԱՆՏԸ ՓՈՐՁԵԼ Է ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ ԷՆԵՐԳՈԴԱՐ
Ուկրաինական դեսանտը փորձել է մուտք գործել ռուսական կողմի վերահսկողության տակ գտնվող Էներգոդար, հայտարարել է՝ Զապորոժիեի շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը: Նրա խոսքով՝ դեսանտը չեզոքացվել է. նրանց նպատակն է եղել խոչընդոտել Զապորոժիեի ԱԷԿ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելության այցելությունը, որն այսօր լինելու է կայանում:
Energoatom-ը հանդես է եկել հայտարարությամբ, նշել՝ ռուսական կողմը հրետակոծել է Զապորոժիեի ԱԷԿ-ը, ինչի հետևանքով գործարկվել է վթարային ազդանշանը և անջատվել հինգերորդ էներգաբլոկը։ Ընկերության համոզմամբ՝ ռուսական ուժերն են սադրանքներ են իրականացնում՝ ԱԷԿ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելության այցին ընդառաջ:
ԱՄՆ-Ն ԻՐԱՆԻՆ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ ՍՏԱՆԱԼ. ԲԱՅԴԵՆ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են Իրանի միջուկային գործարքի վերականգնմանը. Բայդենը վստահեցրել է, որ Վաշինգտոնը ոչ մի դեպքում Իրանին թույլ չի տա միջուկային զենք ստանալ։
«Պաշտոնյաները, մասնավորապես, քննարկել են Իրանի ահաբեկչական գործունեությունը Մերձավոր Արևելքում և դրա սահմաններից դուրս: Լապիդն ընդգծել է Սիրիային հարվածներ հասցնելու կարևորությունը, ինչպես և հրամայել էր նախագահ Բայդենը»,- ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության հայտարարության մեջ։
ԱՄՆ-ը լավատես է, սակայն զգուշավոր Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների հարցում: Նման հայտարարությամբ էլ հանդես է եկել Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
Քիրբիի խոսքով՝ ԱՄՆ-ն սպասում է Իրանի և ԵՄ-ի պատասխանին միջուկային ծրագրի վերականգնման վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկներին: Նա գոհունակությամբ նշել է, որ կողմերն այժմ ավելի մոտ են գործարքի վերականգնմանը, քան երբևէ:ՍԵՐԲԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍԿՍԵԼ
Սերբական բանակը զորավարժություններ է սկսել Կոսովոյի մերձակայքում գտնվող անվտանգության գոտում՝ Բելգրադի և Պրիշտինայի միջև մուտքի փաստաթղթերի վերաբերյալ նոր համաձայնության ուժի մեջ մտնելուն ընդառաջ։ Վարժանքներն իրականացվում են ստորաբաժանումների մարտունակության և արագ արձագանքման կարողության, ինչպես նաև Կոսովոյի և Մեթոխիայի վարչական գծի մոտակայքում կայունության ապահովման համար:
Ավելի վաղ՝ ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Եվրամիության աջակցությամբ հաջողվել է լուծել առկա տարաձայնությունները: Սերբիան համաձայնել է վերացնել մուտքի և ելքի փաստաթղթերը Կոսովոյի բնակիչների համար, իսկ Կոսովոն համաձայնել է սեպտեմբերի 1-ից նման արգելք չմտցնել սերբական փաստաթղթեր և համարանիշներ ունեցող անձանց համար։
ԿԱՊԿԻ ԾԱՂԿՈՎ ՎԱՐԱԿՎԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է 50 000-Ը. ԱՀԿ
Աշխարհում կապկի ծաղկով վարակվածների թիվը գերազանցել է 50.000-ը։ Վերջին յոթ օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակման ավելի քան 6000 նոր դեպք՝ հայտնում են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից։ Մահվան դեպքերի թիվը հասել է 16-ի: Դեպքերի մեծ մասը գրանցվել է Միացյալ Նահանգներում, Իսպանիայում, Բրազիլիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում:
ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը մտահոգություն է հայտնել, որ ԱՄՆ-ում հիվանդացության դեպքերը շատանում են, մինչդեռ Կանադայում, Գերմանիայում և Նիդերլանդներում կապկի ծաղկի տարածումը դանդաղել է: