Կառավարությունը վերաբաշխում կատարեց պետբյուջեում և 580 մլն դրամ հատկացրեց մի շարք օբյեկտների շինարարական, նախագծման, փորձաքննության աշխատանքներին:
Գնել Սանոսյանը նշեց, որ 580 մլն դրամից 549 մլն դրամը շինարարության համար է, մնացած մասը՝ տեխնիկական, հեղինակային հսկողության և փորձաքննության:
«Ունենք 7 օբյեկտ, որտեղ շինարարություն է, դրա համար ենք գումար հատկացնում: Դրանցից մեկում շինարարական ընկերությունը աշխատանքները չարեց, ստիպված եղանք պայմանագիրը խզել, նոր մրցույթ ենք հայտարարել, դրա համար ենք նորից գումար հատկացնում. դա Հաղարծին գյուղի մոտ գտնվող կամուրջն է: 4 նախագծային և 6 փորձաքննության աշխատանքներ ունենք»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ Տաթև-Աղվանի միջպետական նշանակության ավտոճանապարհի 19.5 կմ-անոց նոր հատվածը պլանավորվում է հաջորդ տարի ամբողջովին հիմնանորոգել:
«Հատվածում խնդիրներ ունենք, հիմնանորոգման կարիք կա, գերբեռնված մեքենաները վնասում են այլ հատվածներ նույնպես՝ հաշվի առնելով այս տարածաշրջանի տուրիստական մեծ դերը: Թեև մենք կունենանք Տաթև-Լծեն ճանապարհ, բայց այս ճանապարհը կհիմնանորոգենք, որպեսզի և՛ տուրիստական, և՛ այլ նպատակներով ծառայի»,- ասաց Սանոսյանը:
Նախարարը նշեց, որ վերջին տարիների մեծ ծավալի ճանապարհաշինարարական աշխատանքների մեջ նաև բավական մեծ ուշադրություն են դարձնում կամուրջներին, որովհետև երբեմն դրանք չերևացող են, բայց ժամանակային մաշվածության և այլ խնդիրներ կան, որոնք պետք է կարգավորել:
«Երևանը շրջանցող Աբովյան-Առինջ-Ջրվեժ հատվածով Մասիս գնացող ճանապարհի հիմնանորոգումը, կարծում ենք, մեր այն քաղաքացիների երթևեկությունը կհեշտացնի, որոնք դեպի Արարատյան դաշտ կուզեն գնալ. նրանք Երևան մտնելու կարիք չեն ունենա, և Երևանում հոսքը կթեթևանա»,- ասաց նա: