Ուկրաինական դեսանտը փորձել է վայրէջք կատարել Էներգոդարի տարածքում` նպատակ ունենալով խոչընդոտել Զապորոժիեի ԱԷԿ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելության այցելությունը, որն արդեն ուղևորվում է դեպի կայան: Այս մասին հայտարարել է Զապորոժիեի շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։
Նա տեղեկացրել է, որ ուկրաինական ստորաբաժանումն այժմ արգելափակված է: Ռոգովը համոզմունք է հայտնել, որ ուկրաինական կողմը ցանկանում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պատվիրակությունից թաքցնել կայանում իրականացրած հանցագործությունները:
Ուկրաինայի ատոմային էներգիա արտադրող «Էներգոատոմ» ազգային ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ռուսական կողմը հրետակոծել է Զապորոժիեի ԱԷԿ-ը, ինչի հետևանքով գործարկվել է վթարային ազդանշանը և անջատվել հինգերորդ էներգաբլոկը։ Ընկերության համոզմամբ՝ ռուսական ուժերը նոր սադրանքներ են իրականացնում ատոմակայանի տարածք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելության այցին ընդառաջ: