ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԶԱՊՈՐՈԺԻԵԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունն այցելել է Զապորոժիեի ատոմակայան։ Փորձագետները նախնական գնահատում են իրականացրել, նրանք ԱԷԿ-ում կաշխատեն մինչև սեպտեմբերի 2-ը։
Ատոմային օբյեկտին հասցված վնասի մասշտաբին ծանոթանալուց հետո գործակալության գլխավոր տնօրենը հույս է հայտնել, որ կհաջողվի մշտական առաքելություն կազմակերպել կայանում։
Այս պահին Ռաֆայել Գրոսսին և փորձագետների մի մասն արդեն լքել են ատոմակայանը:
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉՊԵՏՔ Է ՄԵԿՈՒՍԱՆԱ. ԼԱՎՐՈՎ
Ռուսաստանը չպետք է մեկուսանա և պատժի եվրոպական երկրների սովորական քաղաքացիներին՝ ի պատասխան ռուսաստանցիներին շենգենյան վիզաների տրամադրումը սահմանափակելու՝ ԵՄ որոշման, համոզմունք է հայտնել Սերգեյ Լավրովը։
«Կարծում եմ՝ չպետք է գնանք նույն ճանապարհով, սակայն կարձագանքենք հակառուսական պատժամիջոցների կազմակերպիչների և կատարողների քայլերին»,- մանրամասնել է ՌԴ ԱԳ նախարարը։
Արտաքին քաղաքական գերատեսչությունից հավելել են, որ Մոսկվան իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ կիրառել վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը սառեցնելու՝ ԵՄ-ի նախօրեին կայացված որոշմանը, որի համաձայն Ռուսաստանի քաղաքացիները քիչ վիզաներ կստանան, իսկ դրանց տրամադրման գործընթացն ավելի կբարդանա։
ԵՄ արտաքին գործերի հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Պրահայում Եվրամիության ԱԳ նախարարների հանդիպումից հետո նշել է, որ Եվրոպան չպետք է խզի կապերը ռուս արվեստագետների, մշակույթի գործիչների, ուսանողների, լրագրողների հետ և վիզաներ տրամադրի ռուսաստանցիների առանձին խմբերի:
ՖՐԱՆՍԻԱՆ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՌԴ-Ի ՀԵՏ. ՄԱԿՐՈՆ
Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ արևմտյան կառույցներին անդամակցելուն զուգահեռ՝ Ֆրանսիան պետք է շարունակի երկխոսությունը Ռուսաստանի հետ:
«Անհրաժեշտ է, որ մենք խոսենք հատկապես նրանց հետ, ում հետ համաձայն չենք։ Ոչ ոք շահագրգռված չէ, որ Թուրքիան լինի միակ երկիրը, որը շարունակում է երկխոսությունը Մոսկվայի հետ»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։
Նրա խոսքով՝ Ֆրանսիան տեսնում է իր դերը Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում:
Անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին՝ Մակրոնը հույս է հայտնել, որ գործարքի վերականգնման վերաբերյալ համաձայնագիրը կկնքվի մոտ օրերս:
ՋՐՀԵՂԵՂԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՃԳՆԱԺԱՄ ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ
Պակիստանի վարչապետը միջազգային հանրությունից լուրջ և անկեղծ աջակցություն է խնդրել՝ հաղթահարելու երկրում ջրհեղեղների պատճառով առաջացած ճգնաժամը: Նրա խոսքով՝ տուժել է 33 մլն մարդ, մոտ 1 մլն-ը տեղահանվել է, զոհերի թիվը գերազանցել է 1000-ը. Պակիստանը, ընդհանուր առմամբ, կրել է 10 մլրդ դոլարի վնաս: Փորձագիտական գնահատականների համաձայն՝ ջրի տակ է հայտնվել երկրի ողջ տարածքի մեկ երրորդից ավելին։
Իշխանությունները նախազգուշացրել են՝ ամենավատը դեռ առջևում է: Հորդառատ անձրևների պատճառով ավերածությունները կարող են մեծանալ: Հուլիսից շարունակվող ջրհեղեղների պատճառով Պակիստանը բախվում է նաև պարենային և առողջապահական ճգնաժամի:
Հումանիտար իրավիճակը ավելի է սրվում, քանի որ տրանսպորտային ենթակառուցվածքների մեծ մասն ավերվել է, տուժածներին օգնության հասցնելը երբեմն անհնար է։