7-ամյա Ռուզանին չհաջողվեց բարեկարգ մանկապարտեզ հաճախել, բայց ուրախ է, որ գոնե նորակառույց խաղահրապարակից կօգտվի:
Հրազդանի համար 4 մանկապարտեզը կառուցվել է 1961-ին:
Սուսաննա Կարապետյան (Հրազդանի թիվ 4 ՆՈՒՀ ՀՈԱԿ տնօրեն) - Ահավոր վիճակ էր, տանիքից կաթում էր, մենք փայտյա վառարաններ էինք օգտագործում, ձմռանը ջուրը սառում էր:
Շենքն առաջին անգամ հիմնանորոգվել է այս տարի:
Այստեղ ակտիվ ու աշխույժ եռուզեռ է, նորոգված հաստատությունում ամեն բան դասավորում, մաքրում, պատրաստվում են փոքրիկներին դիմավորել:
Սուսաննա Կարապետյան - Վերանորոգվել է և շենքի տանիքը, հատակը, պետքարանները, ամեն ինչ հիմնովին վերանորոգվել է: Հնի հետ համեմատել չենք կարող:
Հրազդանում նախադպրոցական տարիքի 1500-ից ավելի երեխա կա: Սեպտեմբերից այստեղ կհաճախի 123 երեխա, երկրորդ մասնաշենքի հիմնանորոգումից հետո՝ 200-ից ավելի:
Սուսաննա Կարապետյան - Ունենալու ենք 5 խումբ, առայժմ հանդիսությունների դահլիճն էլ կօգտագործենք այդ հինգերորդ խմբի համար, բայց մյուս մասնաշենքն էլ վերանորոգելուց հետո այնտեղ կլինի:
Մանկապարտեզի հիմնանորոգումը սուբվենցիոն ծրագրով է: Պետությունն ու համայնքը հավասարապես՝ 50/50 համամասնությամբ ներդրել են 78.5 մլն դրամ:
Սևակ Միքայելյան (Հրազդան համայնքի ղեկավար) - Տանիքը, պատուհանները, ընդհանուր վերանորոգվել է: Վթարային էր, մոտ 50 տարվա պատմություն էր: Այս պահին ժամանակակից մանկապարտեզ ունենք արդեն:
Հրազդանում կա 12 մանկապարտեզ: Մեծ մասն անմխիթար վիճակում է, երբեք չվերանորոգված: Վերջին տարիներին նախակրթարանները կա՛մ բարեկարգվում են, կա՛մ նորերն են կառուցվում:
Սևակ Միքայելյան - Այս տարի հաստատվել է, բայց մյուս տարվա ծրագրով նոր աշխատանքները կկատարվեն: 3 մանկապարտեզ պետք է վերակառուցվի: Թիվ 6, 8 և 11 մանկապարտեզը:
Գույքի մասին էլ հոգացել է «Էֆ-Սի-Էն» բարեգործական կազմակերպությունը: Մանկապարտեզում այլևս ոչինչ հին չէ: Սեպտեմբերի 5-ին ՝ կառուցումից ի վեր առաջին անգամ, այս մանկապարտեզը փոքրիկներին կընդունի վառ գույներով ու ապագայի վառ խոստումներով: