Իրանական կողմը Հայաստանի միջոցով ցանկանում է դուրս գալ ԵԱՏՄ և եվրոպական շուկաներ: Երևանում անցկացվող հայ-իրանական գործարար համաժողովին ընդգծում է Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգապետը:
Աբեդին Խոռռամ (ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետ) - Կարևոր է փոխադարձ ճանաչողությունը, անհրաժեշտ տեղեկատվության փոխանակումը՝ որպես երկկողմ գործակցության զարգացման գրավական։
Արևելյան Ատրպատականը Իրանի ամենախոշոր արդյունաբերական նահանգներից մեկն է և տնտեսական առումով առաջատար դիրքերում է: Այստեղով է անցնում Մետաքսի մեծ ճանապարհի իրանական հատվածը, առկա է օդային, ցամաքային և երկաթուղային հաղորդակցության զարգացած ցանց։ Նահանգում է գտնվում Հայաստանի սահմանակից «Արաս» ազատ տնտեսական գոտին:
Աբեդին Խոռռամ - Մեր պատվիրակության կազմում են արդյունաբերության, սննդի և այլ ոլորտների գործարարներ: Մեր նպատակն է զարգացնել տնտեսական կապերը Հայաստանի և Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի միջև, քննարկել այն հնարավորությունները, որոնք թույլ կտան ամրապնդել առևտրատնտեսական կապերը:
Նահանգապետի խոսքով՝ կան բոլոր նախադրյալները հայ-իրանական տնտեսական կապերն առավել արդյունավետ մակարդակի բարձրացնելու համար: Վստահ է՝ մաքսային որոշ խնդիրներ առաջիկայում լուծում կստանան: Մտադիր են Հայաստանում նաև բարձր տեխնոլոգիական և արդյունաբերական գոտիներ ստեղծել:
Արմեն Արզումանյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Գոհունակությամբ կարող եմ նշել վերջին շրջանում պատվիրակությունների փոխադարձ այցերի ակտիվացումը և տարատեսակ խմբերի փոխգործակցությունը:
Արևելյան Ատրպատականի նահանգապետի գլխավորությամբ նման ներկայացուցչական պատվիրակության այցը վկայում է, թե Իրանում որքան մեծ նշանակություն են տալիս Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը՝ նշում է Հայաստանում Իրանի դեսպանը:
Աբբաս Բադախշան Զոհուրի (ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան) - Մեծ է ակնկալիքը, որ համաժողովի արդյունքում երկու կողմերի գործարարները կգտնեն գործակցության նոր ուղիներ, գործնական պայմանավորվածություններ ձեռք կբերեն։
Հայաստանում այսօր գործում է իրանական կապիտալի մասնակցությամբ 6565 ձեռնարկություն: Այս տարվա առաջին կիսամյակում երկու երկրների առևտրաշրջանառությունը գերազանցել է 300 մլն դոլարը, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է ավելի քան 37 տոկոսով:
Հեղինակ` Վրույր Մկրտչյան