ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ ԵՆ
Սեպտեմբերի 1-ից թոշակառուների 97.5 տոկոսը առնվազն 3000 դրամով ավելի թոշակ են ստանալու: Մնացյալ 2.5 տոկոսի դեպքում բարձրացումը պետք է կազմեր 1900-2500 դրամ: Վարչապետը հանդիպումների ընթացքում թոշակառուներից բողոքներ է ստացել: Կառավարության նիստում հայտարարեց՝ դրանք արդարացի են, հարցը կլուծվի լրացուցիչ որոշմամբ:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Մենք հարկ համարեցինք, որ ճիշտ են դիտարկումները, մանավանդ մեր հայտարարությունների ֆոնին, և մենք մեր սիրելի թոշակառուների համար լրացուցիչ որոշում կկայացնենք, որ սեպտեմբերի 1-ից բոլորինը բարձրանա առնվազն 3000 դրամով:
Խնդրին ինստիտուցիոնալ լուծում տալու համար որոշվել է բարձրացնել նվազագույն թոշակը՝ դարձնելով այն 31 600 դրամ:
Նարեկ Մկրտչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Ըստ էության, սա եթե մենք ներկայացնենք, և Կառավարության նիստում հաստատվի, կլինի այս տարվա 3-րդ բարձրացումը: Մենք 28 600 դրամից, վերջին մեր որոշման համաձայն, դարձրել ենք 30 500 դրամ, և այս պարագայում կդառնա 31 600 դրամ, որով կերաշխավորվի, որ մեր բոլոր կենսաթոշակառուները առնվազն այդ 3000 դրամը կստանան: Իսկ նախորդ տարի մենք որոշել էինք, որ պետք է այս տարի 26 500-ից դառնա 28 600, այսինքն՝ այս որոշումն ավելի ինստիտուցիոնալ է, և մենք այս ամիս արդեն կշրջանառենք:
Նիկոլ Փաշինյան - Մեր հույսն այն է, որ թոշակներից ու նպաստներից անկանխիկ առևտուրների արդյունքում հնարավորություն կլինի ևս 3000 դրամով ավելացնել: Ես նվազագույնն եմ ասում, որ 30 000 ստացողը 10 տոկոս հետվճար ստանա ևս 3000 դրամ, հիմա մյուս տարի երբ ավելացնենք, ենթադրում եմ, որ մոտավորապես էլի էդքան մենք հնարավորություն կունենանք բարձրացնելու, այսինքն՝ մի քանի գործողությամբ, փոքր-փոքր թվերով իրականում շոշափելի կլինի բարձրացումը: Հույս ունենանք, այսինքն՝ պարտավոր ենք անել, որ գործերն այնպես ընթանան, որ մենք մեր նախընտրական խոստումը կատարենք, որ պարենային զամբյուղից ցածր թոշակ չունենանք և վստահ լինենք, որ թոշակով ապահովում ենք պարենային զամբյուղը:
ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՎԵՐԱԲԱՇԽՎԵՑ
Օրակարգային հարցերից. ԿԳՄՍ նախարարության բյուջեի վերաբաշխման արդյունքում 2 մլրդ 232 մլն դրամ հատկացվեց կրթական, մշակութային ու մարզական հաստատություններին՝ շինաշխատանքների, նախագծման և գույքի ձեռքբերման համար: 14.7 մլն դրամով Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցում լողավազան ու հրաձգարան կառուցելու նախագծանախահաշվարկ կիրականացվի, Ամբերդ ամրոցի վթարային հատվածների ամրացման ու տարածքի բարեկարգման նախագծանախահաշվարկային փաստաթղթերի փաթեթ ձեռք բերելու համար էլ 4.5 մլն դրամ կհատկացվի:
Վահրամ Դումանյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - Արմավիրի մարզի Գետաշեն և Լենուղի համայնքներում մոդուլային տիպի՝ 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզների կառուցման աշխատանքների մեկնարկման համար հատկացնել 80-ական մլն դրամ: Ռյա Թազայի Ավդալի անվան միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի ջեռուցման համակարգի տեղադրման համար հատկացնել 17.1 մլն դրամ, Զոլաքար գյուղի Վարդանյանի անվան համար 2 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի տարածքի բարեկարգման և պարսպապատման համար հատկացնել 40.1 մլն դրամ:
Մոտ 60 մլն դրամով ջեռուցման համակարգ կանցկացվի Ազգային գրադարանի վարչական շենքում, Էջմիածնի պետական քոլեջի տանիքի նորոգումը 41.7 մլն դրամ կարժենա: 713.4 միլիոնով 8 դպրոցի մարզադահլիճ կնորոգվի: Ծանրամարտի եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար գույք ձեռք բերելու նպատակով ֆեդերացիային կփոխանցվի 600 մլն դրամ: Մոտ 331 մլն դրամի գույք էլ ձեռք կբերվի այլ մանկապատանեկան մարզադպրոցների, մարզաձևերի ազգային ֆեդերացիաների և այլ հասարակական կազմակերպությունների համար:
Վահրամ Դումանյան - Ինչպես նաև թվով 70 կազմակերպության ապահովել շուրջ 250 մլն դրամի գույքով՝ այդ թվում՝ 18 թանգարան, 12 գրադարան, 26 մարզադպրոց, 3 ուսումնական և 6 արտադպրոցական ուսումնական հաստատություն, 5 մշակության կազմակերպություն:
Մարզական ֆեդերացիաների հետ ակտիվ գործակցությունը ևս կարևոր ու գովելի է՝ ընդգծեց երկրի ղեկավարը: Մինչև այս Կառավարությունը գույքի ու մարզասարքերի պակասի մասին օրեր կամ 1 ամիս առաջ էր տեղեկանում, աջակցելը բարդանում էր, հիմա, Փաշինյանի խոսքով, առաջնություններից հետո արդեն աջակցությունը տրվում է հաջորդ տարվա միջոցառմանը պատշաճ պատրաստվելու համար:
580 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Բյուջեում ևս մեկ վերաբաշխում էլ կատարվեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի առաջարկությամբ: Մի շարք ճանապարհահատվածներում շինարարություն, նախագծում և փորձաքննություն իրականացնելու համար 580 մլն դրամ հատկացվեց:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Ունենք 7 օբյեկտ, որտեղ շինարարություն է, դրա համար ենք գումար հատկացնում: Դրանցից մեկում արդեն շինարար կար, բայց խնդիրներ առաջացան, ընկերությունը շինարարությունը չարեց, դրա համար ստիպված եղանք պայմանագիրը խզել, նոր մրցույթ ենք հայտարարել դրա համար ենք գումար հատկացնում, դա Հաղարծին գյուղի մոտ գտնվող կամուրջ է:
Վարչապետը կարևորեց աշխատանքի ճիշտ պլանավորումը՝ օրինակ բերելով Երևան-Սևան մայրուղու՝ Աբովյանի հատվածում կամրջի շինարարությունը, որը սկսվեց դեպի Սևան զբոսաշրջային սեզոնի ընթացքում:
Նիկոլ Փաշինյան - Այդ հատվածում ձևավորվում էին կիլոմետրանոց հերթեր, քանի որ ճանապարհը միակողմանի փակ էր, էլ չասեմ՝ շաբաթ-կիրակի օրերին: Սա շատ տիպիկ օրինակ է այն մասին, թե մենք ինչքան աշխատանք ունենք անելու հատկապես մեր գործերի պլանավորման առումով: Որովհետև ինչքան մարդ ջղայնացավ, ներվայնացավ, վատացավ, ինչքան մարդ որոշեց չգնա-չգա:
Նախարարությունը որոշել է նաև հաջորդ տարի ամբողջովին նորոգել Մ2՝ Տաթևի խաչմերուկից մինչև Շինուհայր ճանապարհը: Վարչապետն էլ կարևորեց Ճամբարակ-Թթուջուր 25 կմ հատվածի հիմնանորոգման որոշումը:
Նիկոլ Փաշինյան - Դեպի Բերդ տանող՝ հիմա, փաստորեն, 2 ճանապարհ. այսինքն՝ Գանձաքար-Իծաքար շինարարությունն ընթանում է, և էստեղ նախագիծ ունենք, ճիշտ է, հիմա պետք է շինարարություն իրականացնենք:
Կառավարության մեկ այլ որոշմամբ պետական տարբեր կառույցների հաշվեկշռում գտնվող 654 տրանսպորտային միջոց հանձնվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում օտարելու նպատակով: Այս քայլով որոշ պետական մարմիններ կկրճատեն նաև մեքենաների պահպանման ծախսերը: Ըստ նախնական հաշվարկների, օտարման արդյունքում 200 մլն դրամ մուտք կարվի բյուջե: