Տարոն Մխոյան (Երևանի համար 142 ավագ դպրոցի աշակերտ) - Ես փորձում եմ այնպիսի մասնագիտություն ընտրել ու այնպես սովորել, որ ոչ միայն ինձ լավ լինի, լավ լինի նաև իմ պետությանը: Ու եթե հնարավորություն լինի, նույնիսկ կսովորեմ արտերկրում, որպեսզի հետ գամ, էստեղ աշխատեմ:
Տարոնը սովորում է 12-րդ դասարանում: Երկարատև արձակուրդից հետո մի քիչ դժվարությամբ է վերադարձել դպրոց, բայց տեղ հասնելուն պես տրամադրությունը լրիվ փոխվել է, մանավանդ որ այսօր հիմնանորոգված դպրոցի բացման պաշտոնական արարողությունն էր:
Դպրոցը վերակառուցվել է Համաշխարհային բանկի միջոցներով, համապատասխանում է բոլոր նորմերին, հարմարեցված է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին, հագեցած է նոր ու վերազինված լաբորատորիաներով:
Վահագն Խաչատուրյան (ՀՀ նախագահ) - Իմ խնդրանքը բոլորիցդ, հատկապես ուսուցիչներից, ծնողներից. թողեք, որ մեր երեխաները մեծանան ազատ, իրենք որոշեն իրենց ապագան՝ ձեր օգնությամբ, ձեր ուղեկցությամբ: Իմացեք, որ միայն ազատ մարդը կարող է իսկապես ստեղծագործել, ստեղծել արժեքներ, որը հարկավոր է լինելու մեր պետությանը: Մենք կարղ ենք առաջ գնալ, մենք կարող ենք դժվարությունները հաղթահարել միայն և միայն գիտելիքի շնորհիվ, մնացած բոլոր արժեքները գիտելիքի մոտ ոչինչ են:
Վահրամ Դումանյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - Վստահ եղեք, որ Կառավարությունը ամեն ինչ անում է, որ մեր կրթական համակարգը էական զարգացում ապրի: Մենք ունենք բազում խնդիրներ այդ համակարգում՝ թե՛ դպրոցական, թե՛ բուհական և ընդհանրապես, և Կառավարությունը իր ծրագրում մի մեծ տեղ է հատկացրել հենց կրթական խնդիրներին:
Կանխատեսվում է, որ նոր ուսումնական տարում դպրոց է հաճախելու 40 հազար առաջին դասարանցի: Հստակ թիվը կամփոփվի մի քանի օրից: Ի դեպ, նոր ուսումնական տարվան ընդառաջ, դպրոցները շրջաբերականով տեղեկացվել են, որ սեպտեմբերի 1-4-ը սպասվող անոմալ եղանակային պայմանների հետևանքով անհրաժեշտ է բարձր ջերմային գոտում գտնվող մարզերի հանրակրթական ուսումնական հաստատություններում սեպտեմբերի 1-ին և 2-ին՝ դասապրոցեսը կազմակերպել մինչև ժամը 12-ը՝ հետագայում բաց թողնվածը լրացնելու պայմանով:
Առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում ու Երևանում կհասնի մինչև 40 աստիճանի: Կլիմայական նորմայից դա բարձր է 4-5 նիշով:
Մասնագետները չեն բացառում, որ կլիմայի փոփոխության բերումով անոմալ շոգերն ավելի ու ավելի հաճախադեպ են դառնալու:
Կառավարությունը պարտավորություն է ստանձնել մինչև 2026 թվականը կառուցել, նորոգել կամ հիմնանորոգել 300 դպրոց և 500 մանկապարտեզ. աշխատանքներն ակտիվ ընթանում են: Կրթական այդ հաստատություններում հովացման կենտրոնացված համակարգեր նախատեսված չեն:
Վահրամ Դումանյան - Ջեռուցումը այն պահանջն է, որն ամենուրեք պարտադիր պահանջ է: Դա պիտի լինի, առանց ջեռուցման ուղղակի պատկերացնել հնարավոր չէ, իսկ հովացման կարիք, կախված դպրոցի դիրքից, վայրից, մարզից, կարող է և չլինել: Դա լուծվում է լոկալ նաև, որևիցե խնդիր մենք չունենք այդ դաշտում: Հենց որ լինի, անմիջապես տեղում կլուծվի մի քանի րոպեի ընթացքում:
Երևանի վերակառուցված համար 142 դպրոցում մի քանի օդորակիչ տեղադրված է, բայց ոչ դասասենյակներում:
Հեղինակ՝ Աննա Զախարյան