ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ուսումնական մեկնարկը ԵՊՀ-ում այսօր նշանավորվեց ևս մեկ իրադարձությամբ․ հյուրընկալեցինք Նոբելյան մրցանակակիր, Վաթեռլոյի համալսարանի պրոֆեսոր Դոննա Սթրիքլենդին, որը մեր ուսանողների համար հանդես եկավ «Բարձր ինտենսիվությամբ գերարագ օպտիկական իմպուլսների գեներացում» թեմայով դասախոսությամբ։
«Սթարմուս» գիտական փառատոնի շրջանակում Հայաստան ժամանած պրոֆեսորը Նոբելյան մրցանակին արժանացել է 2018 թվականին՝ բարձր ինտենսիվությամբ գերարագ օպտիկական իմպուլսների գեներացման մեթոդներ հայտնաբերելու համար։
Մեր հանդիպման ժամանակ տիկին Սթրիքլենդի հետ խոսեցինք գիտության, դրա զարգացման մեր տեսլականի ու իր պատկերացումների մասին։
Հուսով եմ՝ դասախոսության մասնակից ուսանողները ևս տպավորված են բացառիկ այս հանդիպման հնարավորությունից ու ստացած նոր գիտելիքներից։
Ի դեպ, ԵՊՀ-ն այս ամիս դեռ հյուրընկալելու է Նոբելյան մրցանակիրների․ սեպտեմբերի 5-9-ն անցկացվելու է «ԵՊՀ-Սթարմուս Նոբելյան շաբաթ» խորագրով միջոցառումը, որի շրջանակում համալսարանում կհյուրընկալենք Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Քիփ Թորնին, Էմանուել Շարպենտիեին և Միշել Մայորին, որոնք հանդես կգան դասախոսություններով։
Սեպտեմբերի 9-ին էլ միջոցառման շրջանակում անցկացվելու է «Տիեզերք և ներշնչանք» խորագրով պանելային քննարկում, որին կմասնակցեն հայազգի տիեզերագնաց Ջիմ Բաղյանը, ԵՊՀ շրջանավարտ, «Սթարմուս» փառատոնի հիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը և գրող Դեյվիդ Ջոն Էյքրը»։