44-օրյա պատերազմի ընթացքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար նոր մեղադրանք է ներկայացվել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարին: Ըստ քննչական կոմիտեի այդ ժամանակ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը անցել է պաշտոնեական լիազորությունների սահմանը, որն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետևանքներ։ 2020-ի սեպտեմբերի 29-ին, չունենալով իր վերադասի կողմից նշված վայր այցելելու և որևէ մարտական առաջադրանք իրականացնելու լիազորություն և հրաման՝ անձնակազմին հրամայել է թողնել ազատագրած «Արեգա» բարձունքը և նահանջել՝ պատճառաբանելով, որ նույն վայրում արդեն իսկ պլանավորված է այլ օպերացիայի իրագործում:
Ստորաբաժանումները հրաժարվել են կատարել «նահանջ» հրամանը, Արզումանյանը հրամայել է կապ հաստատել զորամասի հրամանատարի հետ, որից հետո ռադիոկապով հրամայել է ենթակա ստորաբաժանումներին հանձնարարել թողնել «Արեգա» բարձունքը և նահանջել։ Զորամասի հրամանատարը հակադարձել է՝ պատճառաբանելով, որ նպատակահարմար չէ նահանջել ազատագրած բարձունքից, քանի որ այդ պայմաններում հակառակորդը կզբաղեցնի գերիշխող դիրք և կստեղծվի շրջափակման մեջ հայտնվելու վտանգ։
Մինչդեռ, ըստ մեղադրանքի՝ Արզումանյանը, օգտագործելով զորամասի հրամանատարի նկատմամբ նախկինում անմիջական պետ հանդիսանալու հանգամանքը, իր՝ զինվորականի հեղինակությունը, պնդել և պահանջել է անհապաղ կատարել իր հրամանը՝ ավելացնելով, որ պաշտպանության խորքից է գալիս, իրավիճակին ավելի լավ է տիրապետում: Ստորաբաժանումները նահանջել են սկզբնական ելման կետ, հակառակորդն առանց դիմադրության առաջացել և նույն օրը՝ ժամը 23-ին վերահսկողության տակ է վերցրել «Արեգա» բարձունքը, հարակից մարտական դիրքերը, ամրապնդել է իր ուժերն ու միջոցները, որտեղից դիտարկել է տվյալ գոտում պաշտպանություն իրականացնող ստորաբաժանումների խորքն ու ունենալով գերիշխող դիրք՝ գրոհել է պաշտպանության բնագծի այլ մարտական դիրքերի ուղղությամբ, կրակի տակ է պահել հարակից մարտական դիրքերը: 2020 թվականի հոկտեմբերի 3-ին և 5-ին հայկական ստորաբաժանումները «Արեգա» բարձունքը հետ գրավելու նպատակով իրականացված հակագրոհները ձախողվել են, մեր ստորաբաժանումներն ունեցել են զոհեր և վիրավորներ:
Միքայել Արզումանյանը մեղադրվում է նաև որպես Պաշտպանության բանակի ղեկավար Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար: