Պակիստանի վարչապետը միջազգային հանրությունից լուրջ և անկեղծ աջակցություն է խնդրել՝ հաղթահարելու երկրում ջրհեղեղների պատճառով առաջացած ճգնաժամը:
Նրա խոսքով՝ տուժել է 33 միլիոն մարդ, մոտ 1 մլն-ը տեղահանվել է, մահացածների թիվը գերազանցել է 1000-ը. Պակիստանն, ընդհանուր առմամբ, կրել է 10 միլիարդ դոլարի վնաս: Փորձագիտական գնահատականների համաձայն՝ ջրի տակ է հայտնվել երկրի ողջ տարածքի մեկ երրորդից ավելին։
Իշխանությունները նախազգուշացրել են՝ վատագույնը դեռ առջևում է: Հորդառատ անձրևների պատճառով ավերածությունները կարող են բազմապատկվել: Հուլիսից շարունակվող ջրհեղեղների հետևանքով Պակիստանը բախվում է նաև պարենային և առողջապահական ճգնաժամի:
Հումանիտար իրավիճակն ավելի է սրվում, քանի որ տրանսպորտային ենթակառուցվածքների մեծ մասն ավերվել է, տուժածներին օգնության հասնելը երբեմն անհնար է։