Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է այս աշնանն արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մտադրության մասին:
«Ինձ համար պետության շահերը վեր են ամեն ինչից։ Դրա համար էլ ես պատրաստ եմ կրճատել իմ լիազորությունների ժամկետը և գնալ արտահերթ նախագահական ընտրությունների։ Արդար Ղազախստանի ստեղծման ճանապարհին համալիր բարեփոխումների հաջող իրականացման համար անհրաժեշտ է ժողովրդի վստահության նոր մանդատ»,- ասել է Տոկաևը՝ խորհրդարանի պալատների համատեղ նիստում հանդես գալով ժողովրդին ուղղված ուղերձով:
Ղազախստանի նախագահը կոչ է արել սահմանափակել պետության ղեկավարի լիազորությունների ժամկետը՝ յոթ տարով մեկ անգամ ընտրվելու հնարավորությամբ: Այժմ Ղազախստանում նախագահն ընտրվում է երկու հնգամյա ժամկետով:
Տոկաևի կարծիքով՝ նոր փոփոխությունները զգալիորեն կնվազեցնեն իշխանության մենաշնորհացման ռիսկերը: Ղազախստանի ղեկավարն առաջարկել է նաև 2023 թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Հերթական ընտրությունները նախատեսված են 2025 թ.: