Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, մեկնարկել է հայկական քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմի 36-ժամյա վարժանքը։
ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) 2022 թ. վերաորակավորման գործընթացի շրջանակներում ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի վերաորակավորող հանձնաժողովի պատվիրակության և INSARAG-ի քարտուղարության ներկայացուցիչ Մարտին Իվերսի հետ։
Հանդիպման ընթացքում ԱԻՆ աշխատակիցների կողմից ներկայացվել են վարժանքի անցկացման պլան-ժամանակացույցը։ Քննարկվել են տեղամասերի, իրականացվող գործողությունների վերաբերյալ մի շարք հարցեր։
ՄԱԿ-ի վերաորակավորող հանձնաժողովի պատվիրակությունը այցելել է նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, ծանոթացել միջազգային հումանիտար արձագանքման կարգին՝ ազդարարումից մինչև կառավարում։
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ից 27-ը անցկացվել էր INSARAG-ի չափորոշիչներին համապատասխան 36-ժամյա նախնական վերաորակավորման վարժանք, որը Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության պատվիրակության կողմից բարձր գնահատականի էր արժանացել։
Հայկական ՔՈՓ թիմը ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) անդամ է 2015 թվականից։