ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների, Լոռու մարզի կրթության ոլորտի մարզային պատասխանատուների, դպրոցների տնօրենների, փոխտնօրենների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների 2022-2023 թվականների ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունը:
Խորհրդակցությունը վարել է Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը: Քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, նախարարության և մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2022-2023 ուսումնական տարվա ընթացիկ և պլանավորված աշխատանքները, նոր չափորոշչի ներդրման, նոր մեթոդների և գործիքների կիրառման, ուսուցիչների կամավոր ատեստավորմանը վերաբերող ու մի շարք այլ հարցեր:
Ողջունելով մարզի կրթության բնագավառի աշխատակիցներին՝ Գոռ Ասրյանը մարզպետ Արամ Խաչատրյանի անունից շնորհավորել է Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ ուսումնական գործընթացում: ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը ևս ողջունել է ներկաներին ու ներկայացրել հանրակրթության պետական նոր չափորոշիչների ներդրման ընթացքը, արդյունքը և մի շարք փոփոխություններ, որոնք իրականացվելու են նոր ուսումնական տարում:
Նա նաև անդրադարձել է առաջին անգամ անցկացվող ՆՈՒՀ-երի տնօրենների հավաստագրման գործընթացին, դպրոցների ֆինանսավորման կարգին և այլ փոփոխությունների: Բաղդասարյանը տեղեկացրել է՝ հանրակրթության նոր չափորոշիչները բոլոր մարզերում ներդրվելու են 2023-24 ուստարվանից, այդ չափորոշիչները հիմնված են կոմպետենցիաների, կարողությունների հիման վրա, որոնք գիտելիքից բացի սովորողին տալիս են հմտություն, արժեքային համակարգ և դիրքորոշում: Նոր ուսումնական տարում բոլոր ուսումնական հաստատությունները պետք է զինվեն բնագիտական առարկաների և ինժեներական լաբորատորիաներով, դասերի ընթացքում մեծ ուշադրություն է դարձվելու գործնական առաջադրանքներին:
Նոր չափորոշիչների ներդրմամբ` նախատեսվում է գնահատման համակարգի փոփոխություն իրականացնել և միավորային գնահատման համակարգից տարրական համակարգում անցում կատարել ոչ միավորային գնահատման համակարգի: Անդրադառնալով կամավոր ատեստավորմանը՝ Արսեն Բաղդասարյանը տեղեկացրել է, որ այս տարի Լոռու մարզից կամավոր ատեստավորման համար հայտ է ներկայացրել 314 ուսուցիչ: Նա նշել է, որ գործընթացի նպատակն է խրախուսել բարձր մասնագիտական պատրաստվածություն ունեցող ուսուցիչներին և մոտիվացնել մյուսներին: Նվազագույն շեմը հաղթահարած ուսուցիչների դրույքաչափը 108.800 դրամից դառնում է 200.000 դրամ: Փոփոխություն է նախատեսվել նաև տարակարգի ձեռքբերման գործընթացում:
Կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանն էլ ներկայացրել է ուսումնական պլանների, թեմատիկ պլանավորման, տնօրենների վերապատրաստման, կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի կողմից ուղեցույցների ստեղծման և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ կատարված աշխատանքները:
Խորհրդակցության ընթացքում ԿԳՄՍ նախարարության պատասխանատուները պատասխանել են ներկաների հարցերին, որոնք վերաբերել են ներառական կրթությանը, աշխատավարձերի բարձրացմանը, բյուջեի ձևավորմանը, ատեստավորմանը և մի շարք այլ հարցերի։ Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը շնորհակալություն է հայտնել կրթության բնագավառի մասնագետներին՝ սրտացավ աշխատանքի համար: