Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում, բացահայտել է ԵԱՏՄ անդամ պետությունից ՀՀ տեղափոխվող ապրանքների գների բազմակի անգամ պակաս թերհայտարարագրման դեպք:
Մասնավորապես, օրերս ՊԵԿ-ի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ հայր և որդի Մարգարյանների կողմից նախատեսվում է «Մեդեկս գրուպ» ՍՊԸ-ի միջոցով ԵԱՏՄ անդամ պետությունից Հայաստանի տարածք ներմուծել 2 բեռնատար բժշկական ձեռնոցներ և դիմակներ` շուկայականից մի քանի անգամ ցածր գնով:
Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով մշակվել և ձեռնարկվել են բազմակողմանի, մեծածավալ և արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում վարչության աշխատակիցների օպերատիվ հսկողության ներքո տվյալ բեռնատարները մուտք են գործել Բագրատաշենի սահմանային անցակետ և ուղեկցվել մաքսային պահեստ: Ապրանքների փաստացի հետազոտման արդյունքում պարզվել է, որ ներմուծված ապրանքների իրական արժեքը կազմում է շուրջ 460 հազար ԱՄՆ դոլար, մինչդեռ ընկերության կողմից ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելով ներմուծման փաստաթղթերում, հայտարարագրվել է շուրջ 87 հազար ԱՄՆ դոլար:
Ձեռք բերված նյութերը, այդ թվում՝ նշված նախնական հաշվարկն ուղարկվել է Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն, որտեղ առերևույթ հանցագործության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով: Նախաքննություն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան, որի որոշմամբ բեռնատարները խուզարկվել են, իսկ ներմուծված ապրանքներն ամբողջությամբ առգրավվել:
Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից կատարված նախնական հաշվարկի համաձայն՝ ընկերության կողմից պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս:
Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին՝ ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետություններից ՀՀ տարածք տեղափոխվող ապրանքների ձեռքբերման փաստաթղթերում (ինվոյսներում) ապրանքների ձեռքբերման գները նշել իրականությանը համապատասխան` հետագա հարկային հսկողությունից և ավելի խիստ վարչարարությունից խուսափելու համար, ինչպես նաև առաջնորդվել օրենքի գերակայության սկզբունքով և պահպանել հարկային օրենսդրության պահանջները:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։