ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ մարզպետարանում այսօր տեղի է ունեցել Հայաստանում 2022 թվականի հոկտեմբերի 13-22-ը նախատեսված համապետական մարդահամարի նախապատրաստման և անցկացման մարզային հանձնաժողովի առաջին նիստը՝ հանրապետական գործադիր մարմինների մարզային կառույցների, համայնքային իշխանության և մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ: Այդ մասին ասված է մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:
«Ընդգծելով մարդահամարի անցկացման համապետական նշանակությունն ու կարևորությունը՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ մարդահամարի անցկացումն իրենից ներկայացնում է իրար հաջորդող, փոխկապակցված միջոցառումների շարք, որը մարզային հանձնաժողովի ու տեղական ինքնակառավարման մարմինների համակարգված և արդյունավետ համագործակցության արդյունքում հաջողությամբ կիրականացվի: Մարզպետը կարևոր է համարել յուրաքանչյուր աշխատակցի պատասխանատու մոտեցումը գործընթացին:
Անդրադառնալով մարդահամարի նպատակին, նշանակությանը, հիմնական առավելություններին՝ Վիճակագրական կոմիտեի մարդահամարի գործառնական վարչության պետ Վարդան Գևորգյանը նշել է, որ 2022 թվականի մարդահամարը նախորդներից մասնավորապես տարբերվում է կազմակերպման մեթոդաբանությամբ: Մարդահամարի ծրագրով սահմանված տվյալների հավաքման համար կիրականացվի ընտրանքային հետազոտություն՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրից ընտրված հասցեների 25%-ում բնակվող բնակչության շրջանում: Հետազոտության տվյալները կհավաքվեն հարցումների միջոցով՝ շարժական համակարգիչների (պլանշետների) կիրառմամբ:
Ներկայացնելով իրականացվելիք գործընթացները՝ Վարդան Գևորգյանը խոսել է մարդահամարի իրականացման ժամանակավոր անձնակազմի, աշխատասենյակների, ինչպես նաև քաղաքային և գյուղական համայնքների հասցեական տնտեսության կարգավորման, փողոցների, թաղամասերի անվանատախտակների, շենքերի, շինությունների ու բնակարանների համարանիշների առկայության անհրաժեշտության մասին»,- նշված է գրառման մեջ: