«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունից հետո Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վերստուգումներ է իրականացնում մայրաքաղաքի և մարզերի բարձր ռիսկայնության օբյեկտ համարվող խոշոր առևտրի կենտրոններում: «Սուրմալուին» կից գտնվող «Փեթակում» վերջին ստուգումն իրականացվել է նախորդ տարի, հայտնաբերվել 12 խախտում, մեկ տարի անց կատարված վերստուգումը թերությունների գրեթե նույն քանակն է հայտնաբերել:
Արմեն Հովակիմյան (ՀՀ ՔՏՀԱՏՄ տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության փորձագետ) - Ըստ վարչարարության մեր հիմունքների՝ հիմա վարույթի փուլում է, և ամենայն հավանականությամբ որոշում կայացվի գործունեության կասեցման:
Վերստուգում է իրականացվել նաև «Առինջ մոլում», խախտումները չվերացնելու պատճառով տնտեսվարողը տուգանվել է 150 հազար դրամով:
Արմեն Հովակիմյան - Սեպտեմբերին էլ նախատեսված է վերստուգման արդյունքում տրված կարգադրագրի կետերի ստուգում, որից հետո, եթե կատարված չլինի, արդեն լրիվ հիմքերը կան նրա գործունեության նույնպես դադարեցման: Սակայն կոնկրետ «Առինջ մոլի» պարագայում ասեմ, որ դրական դինամիկա ունենք, այսինքն՝ ստուգման և վերստուգման արդյունքում խախտումների քանակի նվազում ունենք:
Տեսչական մարմնի փորձագետ Արմեն Հովակիմյանը նշում է՝ բարձր ռիսկայնություն ունեցող առևտրի բոլոր կենտրոններում միանման խախտումներ են հայտնաբերվում:
Արմեն Հովակիմյան - Ծխահեռացման համակարգ չկա, տարհանման ուղիներն են արգելափակված, հրդեհի ազդարարման համակարգ չկա, ներքին ջրամատակարարման ցանց չունեն, էլեկտրական տնտեսություններն են սխալ մոնտաժված:
Եթե տնտեսվարողների կողմից խախտումները չվերացնելու դեպքում պետությունը որդեգրի գործունեության կասեցման քաղաքականություն, հանրապետությունում բարձր ռիսկայնության մոտ 8000 օբյեկտից գործելու թույլտվություն կունենա միայն 24%-ը՝ նշում է փորձագետը: Վերջին շրջանում 10 առևտրի կենտրոնում իրականացված ստուգումները, սակայն, նաև դրական պատկեր են ցույց տվել:
Արմեն Հովակիմյան - «Ռոսիա մոլը» ստուգվել է, խախտումներ չեն եղել, բավականին լավ վիճակում է հրդեհային անվտանգության կանոնների պահպանման առումով:
Առևտրի մյուս կենտրոններում ստուգումները կիրականացվեն մինչև հոկտեմբեր, կվերստուգվի նաև «Սուրմալու» առևտրի կենտրոնի այն հատվածը, որում տնտեսական գործունեություն է իրականացվում պայթյունից հետո:
Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում «Սուրմալու» առևտրի կենտրոնի դեպքից հետո հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է ներկայացվել 4 անձի:
Արման Աբրահամյան (ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ) - Նշված անձինք ձերբակալվել են, և վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Դատարանի կողմից բավարարվել է միջնորդությունը, և երեք անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ մեկ անձի մասով մերժվել է:
Քրեական վարույթի շրջանակում հարցաքննվել է 100-ից ավելի անձ: Շարունակվում են վարութային և քննչական գործողությունները նաև պայթյունի հետևանքով փլուզված և քանդման ենթակա շինության տարածքում:
Արման Աբրահամյան - Մինչև քննչական գործողությունները չավարտվեն նշված տարածքում, որևէ քանդման աշխատանք չի իրականացվելու:
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի քրեական գործով նշանակված են մի շարք փորձաքննություններ: Նախաքննությունը վարում է 40 հոգանոց քննչական խումբը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան